Գլխավոր դատախազությունը քննության առարկա կդարձնի համացանցում տարածված ձայնագրությունը
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Գլխավոր դատախազությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդարձնի համացանցում տարածված ձայնագրությունը ենթադրաբար Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի մասնակցությամբ։
Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Գլխավոր դատախազությանը։
Նշվում է, որ ձայնագրությունը համացանցում տարածվել է հոկտեմբերի 17-ին։
Նշենք, որ այսօր համացանցում հայտնվել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին վերագրվող խոսակցության ձայնագրությունը, որը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին:
Խոսակցության ընթացքում Աղան աբեղան արքեպիսկոպոսին ասում է, որ կաթողիկոսն իրենից պահանջել է ընտանիքի հետ միասին մասնակցել հակաիշխանական ցույցերին:
Ավելի վաղ Մայր Աթոռ տեղեկատվական համակարգը հայտարարություն էր տարածել։
«Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան»,-նշվել է Մայր Աթոռ տեղեկատվական համակարգի հայտարարության տեքստում։
Ավելի օպերատիվ լուրերին ծանոթացեք մեր Տելեգրամյան ալիքում

