Գլխավոր դատախազությունը մտադիր է Ռոբերտ Քոչարյանից, Արմեն Գևորգյանից, Սեյրան Օհանյանից և Յուրի Խաչատուրովից բռնագանձել շուրջ 1,8 մլն դոլար
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Գլխավոր դատախազությունը մտադիր է 670 մլն դրամ (շուրջ 1,8 մլն դոլար) բռնագանձել 2008թ․–ի Մարտի 1–ի գործով չորս մեղադրյալներից՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, տարածքային կառավարման նախկին նախարար Արմեն Գևորգյանից, ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Սեյրան Օհանյանից և նրա տեղակալ Յուրի Խաչատուրովից։ Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«2025 թվականի օգոստոսի 11-ին Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի՝ Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670 միլիոն դրամը՝ որպես հետադարձ պահանջ, համապարտության կարգով բռնագանձելու պահանջի մասին», – նշել է նա։
Վարդապետյանի խոսքով, Գլխավոր դատախազությունը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ խնդրելով հայցագնի՝ 670 միլիոն դրամի չափով արգելանք դնել պատասխանողներ Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Գևորգյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին պատկանող գույքերի վրա:

