ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գիշերը Երևանում սպանված ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը և նրա ծառայակից կրտսեր սերժանտ Ա.Հակոբյանը պարգևատրվել են «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով։
Առաքելյանին հետմահու և Հակոբյանին պարգևատրելու մասին հրամանը չորեքշաբթի ստորագրել է գլխավոր դատախազ Արտակ Դավթյանը։
Ինչպես հայտնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, հաշվի առնելով իրենց աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարող ոստիկանների, պետական ծառայողների նկատմամբ նմանատիպ դրսևորումների անթույլատրելիությունը, հետագայում նման հնարավոր դեպքերի կանխման հրամայականը՝ դեպքի առթիվ քրեական վարույթի հարուցման առաջին իսկ պահին ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է դատախազական ողջ գործիքակազմի կիրառմամբ, օրենսդրությամբ նախատեսված իրավասությունների սահմաններում, հետամուտ լինել դեպքի հանգամանքների ամբողջական բացահայտմանը, հանցագործությունը կատարած անձանց մեղավորությունը հաստատող ապացույցների հնարավորինս օպերատիվ ձեռքբերմանը, դրա հիման վրա, համարժեք սանկցիաների շրջանակներում խստագույն պատժողական վերաբերմունքի դրսևորմանը:
Загружается новость ... "Лево"
«Նման լպիրշ, հանդուգն հանցագործությունը ՀՀ դատախազությունը համարում է հարված նաև իր նկատմամբ՝ անհանդուրժելի համարելով պետական ծառայողի՝ դրանով իսկ պետության հանդեպ նմանատիպ որևէ ոտնձգություն, անգամ նման ոտնձգության որևէ փորձ: Նման դրսևորումները որևէ արդարացում ունենալ չեն կարող և պետք է ոչ միայն խստագույնս դատապարտվեն իրավապահ մարմինների և ողջ հասարակության կողմից, այլ նաև պետական և հասարակական ինստիտուտների կողմից իրականացվեն դրանից բխող՝ հանրային համապատասխան վարքագծի ձևավորմանն ուղղված համատեղ միջոցառումներ»,– նշվում է հաղորդման մեջ։
Ոստիկանության ծառայողներ Տիգրան Առաքելյանը և Ա. Հակոբյանը հոկտեմբերի 16-ին ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Ավելի ուշ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձինք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001թթ.: Վերջիններս ձերբակալվել են: -0-