Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Տեղեկությունն առկա է «Դատալեքս» համակարգում, հաղորդում է «Առաջին լրատվականը»։
Հայցով Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ կաթողիկոսի՝ հունվարի 10, 2026 թ. թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:
Դիմումն Արմավիրի դատարան մուտք է արվել հունվարի 15-ին։ Այն մակագրվել է դատավոր Էդգար Հովհաննիսյանին։
Հիշեցնենք, որ հունվարի 10–ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ /․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտնել էր, որ չի ընդունում Մասյացոտնի թեմի առաջնորդի ազատման որոշումը։
«Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ և հետևաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են։
Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ», – հայտարարել է Փաշինյանը։
Նշենք, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն այն 10 եպիսկոպոսների շարքում է, ով վարչապետ Փաշինյանի հետ միասին ստորագրել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու բարենորոգման հայտարարությունը։

