Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում. Փաշինյան

11.12.2025, 16:40
Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում, ասել է  Փաշինյանը
Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․    Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում։ Այս մասին նախօրեին Համբուրգում լրագրողների հետ հանդիպմանը ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Շատ կարևոր նորություն իմացանք երեկ Բեռլինում։ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը ասաց, որ հաջորդ տարվանից Գերմանիայի դեսպանատանը այլևս հերթեր չեն լինելու», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզա ստանալու գործընթացը դյուրացնելու հարցը իրենց օրակարգում է։

Նրա խոսքով, այս հարցի ուղղությամբ բավական երկար ժամանակ աշխատում են Եվրամիության գործընկերների հետ` ներկայացնելով քաղաքացիների այն մտահոգությունը, որ վիզա ստանալու համար ստիպված են 10 ամիս սպասել։

«Հիմա առաջին արձագանքը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից է։ Ամենաբարձր մակարդակով պաշտոնապես հայտարարվեց, որ մյուս տարվա սկզբից, հնարավոր է փետրվարից այլևս հերթ գոյություն չի ունենա: Ում տալու են վիզա՝ կտան, ում չեն տալու՝ չեն տա: Հույս ունեմ, որ այս գործընթացը շղթայական կշարունակվի մյուս դեսպանատների դեպքում և մենք այս խնդրից կազատվենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։