Գեներալ Բալասանյանը վերսկսել է բանակցությունները ՊՊԾ գնդի շենքը զավթած խմբի հետ. թերթ

29.07.2016, 12:41
Վիտալի Բալասանյանի ղեկավարությամբ վերսկսվել են ակտիվ բանակցությունները Երևանում ՊՊԾ գնդի շենքը զավթած զինված խմբավորման անդամների հետ:
Գեներալ Բալասանյանը վերսկսել է բանակցությունները ՊՊԾ գնդի շենքը զավթած խմբի հետ. թերթ
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Վիտալի Բալասանյանի ղեկավարությամբ վերսկսվել են ակտիվ բանակցությունները Երևանում ՊՊԾ գնդի շենքը զավթած զինված խմբավորման անդամների հետ, հաղորդում է «Ժողովուրդ» թերթը:

«Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններից երեկ ողջ օրվա ընթացքում այդպես էլ ոչինչ հայտնի չդարձավ, քանի որ նրանց հետ կապի բոլոր միջոցները վերացել են, իսկ կապ ապահովող գործիչներն էլ` տարբեր պատճառաբանություններով ձերբակալվել: Ցերեկվա ընթացքում մի շարք բժիշկներ շարունակում էին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից պահանջել, որպեսզի նրանք ազատ արձակեն շտապօգնության երկու բժիշկներին և բուժքրոջը, ովքեր արդեն երկրորդ օրն է՝ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում: Սակայն կոչերը մնացին օդում», - գրում է թերթը:

Թերթի տվյալներով, արդեն երկու օր է՝ վերսկսվել են ակտիվ բանակցությունները իշխանության և զինյալների միջև: Դարձյալ գործընթացը գտնվում է գեներալ Բալասանյանի ձեռքում:

«Փորձ է արվում համոզել «Սասնա ծռեր»-ին` հանձնվել իշխանություններին, որպեսզի բախումներ չլինեն և քաղաքակիրթ բանակցություններ սկսվեն՝ առանց զենքի: Բայց մյուս կողմից էլ իշխանությունները պետք է երաշխիքներ տան միջնորդներին, որ զինյալները խիստ պատժիներ չկրեն հանձնվելուց հետո», - նշվում է հոդվածում:

Պարբերականը նշում է, որ հուլիսի 21-ին, երբ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը միջնորդական առաքելությամբ Երևան եկավ, իրավիճակը 2 օր անց փոխվեց. նախ՝ պատանդ մնացած ոստիկաններն ազատ արձակվեցին, ապա՝ զինյալների սննդի հարցերը կարգավորվեցին, այնուհետև լրագրողների հետ հանդիպում կազմակերպվեց:

Ընդդիմադիր ակտիվիստ Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Ներխուժման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ` հինգ ոստիկան և զինված խմբի անդամներից մեկը։

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ -0-