ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է մի քանի գազալցման ընկերությունների, այդ թվում` «Գազպրոմ Արմենիա» դուստր ընկերության կողմից հարկերից խուսափելու դեպքեր, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 58.700.000, 14.900.000, 168.400.000, 79.400.000, 53.000.000, 25.700.000 և 349.500.000 ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց:
Загружается новость ... "Лево"
Ընդհանուր առմամբ, այդ բոլոր ընկերությունները Հայաստանի պետբյուջե չեն վճարել շուրջ 750 միլիոն դրամի հարկ։
Նշվում է նաև, որ հուլիսի 10-ին ՊԵԿ քննչական, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները համատեղ խուզարկություններ են իրականացրել նշված ընկերություններին պատկանող գազալցակայաններում, որտեղից հայտնաբերել են քրեական գործերով պարզաբանման ենթակա մի շարք հանգամանքներին վերաբերող հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, տեսաձայնագրող սարքեր և այլն:
Քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցավոր արարքների (Հարկերից, տուրքերից կամ այլ պարտադիր վճարումներից խուսափելը) հատկանիշներով։ ($1 - 482,23 դրամ)։