Եթե գործարանում, բանկում, սուպերմարկետում 1 հոգու մոտ վիրուս հայտնաբերվի, բոլորը կթեստավորվեն. նախարար (ՎԻԴԵՈ)

06.08.2020, 12:52
Կառավարությունը մարտավարություն է փոխում. եթե գործարանում, բանկում, սուպերմարկետում 1 հոգու մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, բոլորը կթեստավորվեն. ՎԻԴԵՈ
Եթե գործարանում, բանկում, սուպերմարկետում 1 հոգու մոտ վիրուս հայտնաբերվի, բոլորը կթեստավորվեն. նախարար (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը Հայստանում շարունակաբար թուլանում է, բայց ամենօրյա նոր դեպքերի հայտնաբերման բացարձակ թվերը շարունակում են բարձր մնալ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ:

«Մենք ունենք որոշակի վստահություն, որ դեպքերի հայտնաբերելիությունը լավացել է, բարձրացել է: Եթե նախկինում մեր նոր դրական դեպքերը հասնում էին օրվա հետազոտությունների 25–30 տոկոսի, հիմա տատանվում են 15 տոկոս` պլյուս, մինուս 1–2 տոկոս, ինչը նշանակում է, որ մենք հայտնաբերելիության էական աճ ունենք։ Մենք այս առումով մարտավարութան որոշակի փոփոխության հնարավորություն ենք ստացել։ Եթե նախկինում հոսքերը մեծ էր, և մենք պասիվ սպասվում էինք, որպեսզի մարդիկ իրենք դիմեն, հիմա Առողջապահության նախարարությունն ավելի նախաձեռնող կլինի և ռիսկային որոշակի տեղեր, խմբեր, գործարաններ սեփական նախաձեռնությամբ կգնա և ախտորոշում կիրականացնի, և սա հնարավորություն կտա ինչ-որ ձևով հաղթահարել համաճարակը»,-ասաց նա:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ կայուն անկում կա։

Նա նշեց, որ այսուհետ եթե որևէ գործարանում, բանկերում, սուպերմարկետներում մի հոգու մոտ վիրուս են հայտնաբերում, չեն սպասում սիմպտոմներ ի հայտ գալուն, այլ բոլորին թեստավորում են:

«Վերջի մի քանի օրվա մեջ հոգեկան առողջության կենտրոններից մեկն ենք հետազոտել՝ 350 հոգու միանգամից և 25 դրական դեպք ենք հայտնաբերել, որոնք որևէ սիմպտոմ, գանգատ չեն ունեցել։ Փորձելու ենք թեստավորման թվերը 1500–2000–ի շրջանակում պահել», – ասաց Թորոսյանը:

Վարչապետը նշեց, որ ծայրահեղ ծանր վիճակում կա 68 պացիենտ, ծանր վիճակում՝ 300 պացիենտ, իսկ ծայրահեղ ծանր հիվանդների ամենապիկը եղել է 178, դա արձանագրվել է հուլիսի 9–ին:

«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ մենք նման անկում կարողացել ենք արձանագրել հիմնականում դիմակի պարտադիր կրման կանոնը ներդնելու արդյունքում և շնորհիվ։ Մեր ուղերձը հստակ է, որ բոլոր հակահամաճարակային կանոնները պետք է խստագույնս պահպանվեն»,-ասաց նա:

Օգոստոսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39819 դեպք, որոնցից 31556-ն` առողջացած, 772-ը` մահվան ելքով։–0–