ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանը Հռոմից 29 տարով մեծ է, և այն առանց չափազանցնելու կարելի է անվանել տոն, որը միշտ քեզ հետ է։ Երևանը գեղեցիկ է ցանկացած եղանակի և տարվա յուրաքանչյուր եղանակի, օրվա ցանկացած ժամի և ցանկացած տրամադրության ժամանակ։ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի մայրաքաղաքի հարմարավետ անկյունների իր տարբերակը, որտեղ միշտ կարելի է հաճելի ժամանց ունենալ ինչպես ընկերների հետ, այնպես էլ ընտանիքի անդամների։
Սրճարան «Պոպլավոկ»
«Պոպլավոկը» կամ «Առագաստը» ավելին է, քան պարզապես սրճարան։ Դա մի յուրօրինակ ջազ ակումբ է, որտեղ կորպորատիվ երեկույթներ, համադասարանցիների և համակուրսեցիների հանդիպումներ, գործնական հանդիպումներ են կազմակերպվում։ Ամառային երեկոներին սրճարանին հարող շատրվաններով լողավազանի և այգու՝ բացառիկ գեղեցկության լուսավորումը, հաճելի երաժշտությունը և մանկական հրապարակները «Պոպլավոկն» ընտանեկան հանգստի անգնահատելի վայր են դարձնում։ Հետաքրքիր է նաև սրճարանի արտաքին տեսքը՝ քամու բացած մեծ առագաստն իրականությունից դուրս թռիչքի հեքիաթային տպավորություն է ստեղծում, ինչին նպաստում է նաև ջազային երաժշտությունը։
Սրճարան «Կոզիրյոկ»
«Կոզիրյոկ» կամ «Հռիփսիմե» սրճարանն իր անվանումը ստացել է գլխարկ հիշեցնող իր ծածկի պատճառով։ Սրճարանի յուրահատկությունն անփոխարինելի տիկին Ռիփսիկն է, ով երկար տարիներ ճանաչում է սրճարանի այցելուների բոլոր սերունդների ներկայացուցիչներին։ Սրճարանը ոչ բացառիկ կերակրացանկ ունի, ոչ գեղեցիկ տեսարաններ, թեև հետնամասում հարում է Մարտիրոս Սարյանի արձանը շրջապատող փոքրիկ վերնիսաժին։ Այնուամենայնիվ, այն, որ սրճարանը գտնվում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի դիմաց, մայրաքաղաքի կենտրոնական պողոտայում, ինչպես նաև 1970-80 թվականների կարոտախտը, մեծ թվով այցելուներ են ապահովում սրճարանի համար։
«Կասկադ»
«Կասկադ» ճարտարապետա-մշակութային կենտրոնը Երևանի խորհրդանիշներից մեկն է։ Նրա ճակատագիրը մեծ դժվարություններով է անցել։ Բացառիկ համալիրի կառուցումը սկսվել է դեռևս 1960 թվականին արհեստական ջրվեժ-շատրվանի կառուցումից։ 1971 թվականից սկսվել է դրա ընդլայնումը` ենթադրվում էր, որ «Կասկադը» կկապի քաղաքի կենտրոնը Հաղթանակի այգուն հարող տարածքին։ Բայց 1988 թվականի ավերիչ երկրաշարժը, այնուհետև՝ Խորհրդային Միության փլուզումը շինարարության դադարեցման պատճառ դարձան։
Աշխատանքները վերսկսվել են ամերիկահայ մեկենաս Ջերարդ Գաֆեսճյանի աջակցության շնորհիվ, բայց աշխատանքներն ամբողջովին չեն ավարտվել բարերարի մահվան պատճառով։ Այնուամենայնիվ, 2009 թվականին համալիրը դադարել է միայն ճարտարապետական լինելուց՝ այնտեղ բացվել է «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնը, որտեղ անցկացվում են համաշխարհային արվեստի բացառիկ ցուցանմուշների ժամանակավոր և մշտական ցուցահանդեսներ։ «Կասկադը» գրավիչ է ոչ միայն ճարտարապետական օրիգինալ լուծումներով, այլ նաև ճարտարապետական համալիրի ողջ տարածքում տեղադրված բազմաթիվ քանդակներով։
Փարաջանովի տուն-թանգարան
Մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Հայաստանի և հայերի համար շատ ավելին է, քան տաղանդավոր ռեժիսորը։ Նա մարդ էր, ով մարտահրավեր նետեց խորհրդային համակարգին, ապստամբեց դրա դեմ և հաղթանակեց իր ֆիլմերի շնորհիվ, որոնք մշակութային հարուստ ժառանգություն են կազմում։
Հենց դրա մի մասնիկն է Փարաջանովի տուն-թանգարանը։ Այն տարբերվում է մյուս թանգարաններից պայմանականությունների բացակայությամբ, Վարպետի ստեղծագործական և հոգևոր աշխարհին հաղորդակցվելու, ինչպես նաև նրա ֆիլմերի և կոլաժների կախարդական մթնոլորտ սուզվելու հնարավորությամբ։
Թանգարանի ցուցանմուշների շարքում կոլաժների, կերամիկայի, տիկնիկների հավաքածու կա։ Նրանցում Փարաջանովն անմահացրել է իր ընտանիքի պատմությունը, իր կյանքը, փաստաթղթավորել ոգեշնչման աղբյուրները և իր նկարների նախապատրաստական փուլերը։ Թանգարանում հատուկ խնամքով են պահվում Փարաջանովի՝ Ալչյովսկի գաղութում պատրաստած «ազատազրկման վայրից նամականիշները»։
«Մալխաս» ջազ ակումբ
Ակումբի հիմնադիրը բանասեր և ինքնուս երաժիշտ Լևոն Մալխասյանն է, ով Հայաստանում լեգենդար անձնավորություն է համարվում։ Դա դրսևորվում է նաև նարնում, որ ոչ ոք նրան չի կոչում ոչ ազգանունով, ոչ անուն-հայրանունով։ Բոլորի համար նա պարզապես Մալխասն է՝ նշան, բրենդ, Երևանի կյանքի մի երևույթ, ընդ որում՝ ոչ միայն երաժշտական։
2006 թվականին Հայաստանում ջազը ստացավ մշտական բնակության վայր՝ «Մալխաս» ջազ ակումբ։ Այս տարիներին ակումբի հյուրեր են դարձել երաժշտական այդ ուղղության սիրահարներ, հայտնի երաժիշտներ, քաղաքական գործիչներ, մեդիադեմքեր։ Ընդ որում՝ կախված երաժշտական «մենյուից»՝ հյուրերին միշտ դիմավորում է ակումբի երաժշտական ղեկավար՝ «հայկական ջազի պապա» (ինչպես կոչում են նրան երկրպագուները) Մալխասը։
Մանկական երկաթուղի
Մանկական երկաթուղին գտնվում է Հրազդանի գեղատեսիլ կիրճում։ Երևանցիների մի քանի սերունդներ են մեծացել, այցելելով այս բնական պարկի և ատրակցիոնների պարկի յուրօրինակ «միքսը» թե հանգստյան, թե տոնական օրերին։ Գեղեցիկ բնությունը, գետակը, ատրակցիոնները, փոքրիկ սրճարանները թույլ կտան ձեզ մի ողջ օր անցկացնել երկաթուղում։ Որպես բոնուս՝ բոլոր ցանկացողներին տրվում է իսկական գնացքով երթևեկելու հնարավորություն, իհարկե, կարճ հեռավորության վրա։
Հաղթանակի այգի
Հաղթանակի այգին և վեր խոյացող «Մայր Հայաստան» հուշարձանը Երևանի այցեքարտն են։ Քչերը գիտեն, որ այժմ այդ կոթողի տեղում ընդհուպ մինչև անձի պաշտամունքի դատապարտումը ժողովուրդների առաջնորդ Իոսիֆ Ստալինի արձանն էր։
Հաղթանակի այգին ոչ միայն ատրակցիոններով կանաչ գոտի է, այլ նաև այգուց և, մասնավորապես, դիտանվից բացվում է Հայաստանի մայրաքաղաքի հիանալի տեսարան։
Բացի այդ, Հաղթանակի այգին Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի նվիրված զորահանդեսից հետո տոնակատարությունների անցկացման ավանդական վայրն է։ Ամեն տարի մայիսի 9-ին այստեղ բացվում է դաշտային խոհանոց, որտեղ հավաքվում են վետերանները։ Այգում է գտնվում Զինվորական թանգարանը, որի ցուցանմուշները պատմում են Երկրորդ համաշխարհայինի և արցախյան ազատամարտի պատմության մասին։
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և դրա հարակից պուրակն օրիգինալ շատրվաններով համեմատաբար նոր, բայց Երևանում շատ հաջող ճարտարապետական լուծում է։
Դա վկայությունն է, որ, չնայած հարուստ անցյալի, Երևանի հայացքը բարձր տեխնոլոգիաների ապագային է։
«Թումո» կենտրոնում անվճար սովորում են 12 տարեկանից բարձր դեռահասներ։ Նրանք հնարավորություն ունեն սովորելու համաշխարհային առաջատար մասնագետների մոտ ծրագրավորման և համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում։
«Թումո» կենտրոն են այցելում նաև Հայաստան ժամանած հայտնի և հաջողակ մարդիկ։ Իսկ կենտրոնական պուրակում զբոսնում են և հիանում Արարատ լեռան հեքիաթային տեսքով։-0-