Երևանը կարող է թաղվել աղբի մեջ. Sanitek–ը նախազգուշացնում է

28.08.2019, 17:39
Sanitek ընկերությունը նախազգուշացնում է մատուցվող ծառայությունների վատթարացման մասին։
Երևանը կարող է թաղվել աղբի մեջ. Sanitek–ը նախազգուշացնում է
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Sanitek ընկերությունը նախազգուշացնում է մատուցվող ծառայությունների վատթարացման մասին։

«Տեղեկացնում ենք, որ շահագրգիռ մարմինների կողմից հետևողականորեն իրականացվող ռազմավարության և ընկերության ֆինանսական վիճակի վրա շարունակական ճնշումների արդյունքում վերջնականապես վտանգված է «Սանիթեքի» կողմից ծառայաթյունների մատուցումը»,– ասվում է ընկերության տարածած հաղորդման մեջ։

Նշվում է նաև, որ ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն դրամ (շուրջ 630 հազ դոլար)։

«Ընկերությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը ծառայությունների մատուցման հետագա վատթարացման համար»,– ասվում է հաղորդման մեջ։

Արդեն մի քանի ամիս է` երևանցիները վրդովմունք են հայտնում քաղաքում աղբի մեծ կուտակումների կապակցությամբ և դժգոհում են համապատասխան ծառայությունների, մասնավորապես, աղբահանության օպերատոր Sanitek ընկերությունից։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս հրապարակայնորեն իր դժգոհությունն է հայտնել Sanitek ընկերության աշխատանքից, ընդգծելով, որ երևանցիներն այլևս չեն կարող հանդուրժել այս որակի աշխատանքը։ -0-