ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում ՊՊԾ գնդի շենքը զավթած խումբը կիրակի ոստիկանական Գազել մակնիշի մեքենա է այրել, հայտնում է
lragir.am-ը՝ հղում անելով խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին։
Նրա խոսքով, իրենք քայլին գնացել են ի նշան բողոքի:
Մեքենան հրդեհվել է ոստիկանության դիրքերից 15 մետրի վրա, ինչպես նաև անօդաչու թռչող սարք են վայր գցվել:
«Շատ ճիշտ ենք արել, որովհետև իրենք մեզ զրկել են կապից, սնունդից, լույսից: Այդ պատճառով էլ մենք պատասխան քայլ ձեռնարկեցինք՝ որպես ակցիա»,- ասել է Վարուժան Ավետիսյանը:
Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։
Հինգշաբթի լուսադեմին ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 29–ը` ոստիկան։ 16 ցուցարարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։–0–