Երևանում ուժգին քամու ժամանակ թիթեղը պոկվել ու հարվածել է հղի կնոջը․ բժիշկներին հաջողվել է փրկել կնոջ ու նորածնի կյանքը (ՎԻԴԵՈ)

13.05.2025, 01:07
Մասնագետները համոզված են, որ կնոջ կյանքը փրկեց հղիությունը` դեռևս չծնված երեխան. ՎԻԴԵՈ
Երևանում ուժգին քամու ժամանակ թիթեղը պոկվել ու հարվածել է հղի կնոջը․ բժիշկներին հաջողվել է փրկել կնոջ ու նորածնի կյանքը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 11-ին, երեկոյան ժամը 17:10-ին «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի` որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ, հայտնում է «Էրեբունի» ԲԿ–ն։

Նախնական տեղեկություններով` կիրակի երեկոյան, ուժգին քամու ժամանակ, տանիքից պոկվել է թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը` վնասելով որովայնը:

«Հարազատները կնոջն անմիջապես ծննդատուն են տեղափոխել: Հղիին հետազոտելուց հետո, բժշկական կենտրոն մտնելուց ընդամենը 7 րոպե անց սկսվել է վիրահատությունը: Կատարվել է կեսարյան հատում, վերականգնվել է պատռված արգանդը: Ծնվել է 2450 գրամ քաշով 48 սմ հասակով աղջիկ` ճակատի ձախ շրջանում 5սմ երկարությամբ խորը վնասվածքով», – նշվում է ԲԿ–ի Facebook–յան էջում։

Վերքը կարելու նպատակով նորածինն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Մոր և երեխայի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Մասնագետները համոզված են, որ կնոջ կյանքը փրկեց հղիությունը` դեռևս չծնված երեխան: