Երևանում երեխաների մասնակցությամբ կատուների նկատմամբ բռնության տեսանյութը մեծ վրդովմունք է առաջացրել Instagram-ում (ՎԻԴԵՈ)

11.11.2025, 14:36
Համացանցում շրջանառվող տեսանյութը, որտեղ երեխաները դիտավորյալ վախեցնում են թափառող կատուներին և ոտքով հարվածում նրանց, մեծ վրդովմունք է առաջացրել  Instagram-ում. ՎԻԴԵՈ
Երևանում երեխաների մասնակցությամբ կատուների նկատմամբ բռնության տեսանյութը մեծ վրդովմունք է առաջացրել Instagram-ում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Համացանցում շրջանառվող տեսանյութը, որտեղ երեխաները դիտավորյալ վախեցնում են թափառող կատուներին և ոտքով հարվածում նրանց, մեծ վրդովմունք է առաջացրել Instagram-ում։ Դեպքը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել վերջերս՝ Երևանի Դավթաշեն թաղամասի բնակելի շենքերից մեկի բակում։ 

Jessy կենդանիների ապաստարանը Instagram-ում հայտարարություն է տարածել, որում հայտնել է նման վարքագծի անընդունելիության մասին և կիսվել տեսանյութուվ՝ «որպեսզի բոլորը տեսնեն՝ իրականում ինչ հասարակության մեջ ենք ապրում»։ 

«Նման մարդկանց պետք է հասարակությունը ճանաչի՝ ոչ թե վրդովմունք տարածելու, այլ մտածելու համար, թե ուր ենք հասել։ Միայն նայեք՝ որքան սարսափած է փոքրիկ ձագուկը։ 

Ամենացավալին այն է, որ նման մարդիկ երեխաներ են ունենում, մեծացնում՝ նրանց մեջ փոխանցելով բռնությունը և անտարբերությունը։ Այդպես են ձևավորվում հանցավոր մտածելակերպ ունեցող սերունդներ, և դա մեզ բոլորիս է վերաբերում։ Մենք չենք ուզում ապրել նմանատիպ «կեղտոտված» ապագայում», - ասվում է հայտարարության մեջ։ 

Նշվում է նաև, որ կենդանիները ամեն օր դառնում են երեխաների և մեծահասակների դաժան վերաբերմունքի զոհ։ Նույնը նաև անում են շների հանդեպ, իսկ երբ շունը պաշտպանվում է, մեղավոր դարձնում են հենց նրան, իսկ իրենց երեխաներին՝ սուրբ։ 

Մի քանի հայտնի բլոգերներ նույնպես մեկնաբանել են այս թեման։ Զառա Ղազարյանի խոսքով՝ անպաշտպան կենդանու հանդեպ բռնություն գործադրելը ուժի կիրառում է թույլի հանդեպ, որը չունի ձայնի իրավունք և չի կարող ինքն իրեն պաշտպանել, իսկ եթե նույնիսկ փորձի, միևնույնն է կենդանին է մեղավոր դուրս գալու․ 

«Ես հատուկ ընդգծեցի՝ ուժի կիրառում իրենից թույլի հանդեպ։ Եթե սա որպես երևույթ երեխայի մոտ չի կանխվում ժամանակին, ապա տարիների ընթացքում այս հակումներով ավելի մեծանալով թիրախը փոխվելու է», - ասում է Զառա Ղազարյանը։ 

Բլոգերի խոսքով՝ հետագայում նրանք բռնություն կարող են կիրառել բոլոր նրանց հանդեպ, որոնք իրենցից թույլ են՝ ֆիզիկապես թույլ դասարանցու նկատմամբ, երեխաների և նույնիսկ տարեց ծնողների նկատմամբ։ 

«Երեխաները դաժան չեն ծնվում։ Երեխաները այդ վարքը կրկնում են իրենց ծնողներից և կամ մեկ այլ տեղից։ Ծնողները «դրա դեմը չեն առնում» և դա արմատանում է երեխաների մեջ», - զգուշացնում է Զառան՝ կոչ անելով ծնողներին դաստիարակել իրենց երխաներին գոնե հանուն իրենց։

Снимок экрана 2025-11-10 225822.png

Բլոգեր Կամիլա Ահարոնյանը նույնպես մեկնաբանել է Զառա Ղազարյանի գրառումը՝ կոչ անելով ծնողներին դաստիարակել իրենց երեխաներին՝սկզբից իրենք իրենց կրթելով։