Երևանի ՊՊԾ գնդում պահվող բուժաշխատողներն ուտելու ոչինչ չունեն. «Շտապօգնության» ծառայության տնօրեն
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի ՊՊԾ գնդում պահվող բուժաշխատողներն ուտելու ոչինչ չունեն, ասել է «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
Ավելի վաղ Հայաստանի առողջապահության նախարարն ասել էր, որ Երևանում ՊՊԾ գնդի շենքը զավթած խումբը պատանդ է վերցրել «Շտապօգնության» չորս աշխատակիցների, այդ թվում կնոջ, ովքեր ժամանել էին տարածք` վիրավորներին օգնություն ցուցաբերելու։ Խումբը պահանջել է, որ Հայաստանի առողջապահության նախարարը ժամանի նրանց մոտ և մնա բուժաշխատողների փոխարեն։ Այնուհետև բուժաշխատողներից մեկին ազատ են արձակել։
«Առավոտյան էլ եմ խոսել, մեկ ժամ առաջ էլ: Սոված էին, հիմա ուզում ենք կազմակերպել , որ մի ձևով ուտելիք փոխանցենք: Ասում են, որ գիշերը նորմալ է անցել, էն ա որ չեն կարողանում տարածքից դուրս գալ, թույլ չի տրվում»,- Yerkir.am–ը մեջբերում է Ստեփանյանի խոսքը։
Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Ներխուժման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ` հինգ ոստիկան և զինված խմբի անդամներից մեկը։ –0–