Երևանի քաղաքապետարանը 18 մետրանոց 250 նոր էլեկտրաավտոբուսներ ձեռք կբերի
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Մենք հնարավորինս փորձելու ենք էլ ավելի խրախուսել էլեկտրական մեքենաների և էլեկտրական տրանսպորտի ավելացումը քաղաքում։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«18 մետրանոց 250 նոր էլեկտրաավտոբուսների գնումը մեր շարժակազմի ամբողջական և վերջնական համալրման ռազմավարական ծրագրի վերջնական փուլն է: Դրանից հետո միայն թարմացման խնդիր կունենանք: 18 մետրանոց այս ավտոբուսներն են միայն, որ հիմա պակասում են։ Դրանք պետք է գան փոխարինելու HIGER մակնիշի ավտոբուսներին և «ԳԱԶել-Սիթի» միկրոավտոբուսներին, որոնք պարբերաբար տեխնիկական խնդիրներ են ունենում»,- ասել է Ավինյանը։
Ավինյանն ընդգծել է, որ սրանով ոչ միայն լուծում են հանրային տրանսպորտի՝ շարժակազմի հարցը, այլ նաև որոշակիորեն լուծում են օդի աղտոտվածության խնդիրը:
Ինչպես զեկուցել են քաղաքապետին, ծրագրի ամբողջական ֆինանսական փաթեթը մոտ 98 մլրդ դրամ է, այն նախատեսվում է իրականացնել միջազգային վարկային ֆինանսավորմամբ:
Ավելի օպերատիվ լուրերին կարող եք ծանոթանալ մեր Տելեգրամում

