Երևանի մանկապարտեզներից մեկի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտման պատճառով (ՖՈՏՈ)

07.11.2025, 15:06
Խոհանոցը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ. ՖՈՏՈ
Երևանի մանկապարտեզներից մեկի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտման պատճառով (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Երևանի մանկապարտեզներից մեկի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտման պատճառով։

Ինչպես հայտնում է ՍԱՏՄ-ն, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է Երևանի Ռուսթավելի 19 հասցեում գտնվող «Երևանի N 11 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի՝ խոհանոցի, արտադրական գործունեությունը:

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները կազմակերպությունում իրականացվող ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ:

Ի մասնավորի՝

-խոհանոցը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, անցանկալի բորբոսների առաջացումը, կատարվի համապատասխան խնամք, մաքրում կամ ախտահանում, հնարավոր լինի պայքարել միջատների դեմ,

-սննդամթերքի պատրաստման, մշակման համար նախատեսված հատվածում հատակը չի ունեցել հարթ մակերես, գտնվել է ոչ նորոգ վիճակում,

-պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից,

-առաստաղները ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

-դռները հարթ չեն եղել՝ բացառելով դրանց պատշաճ մաքրումն ու ախտահանումը:

«Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և խոհանոցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ»,-նշվել է հաղորդագրության մեջ։