Երևանի կենտրոնում նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ. Ավինյան
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի կենտրոնում, ժամը 11։00-ի դրությամբ, պայմանավորված, աշխարհագրական դիրքով, նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Ըստ տվիչներից ստացված տվյալների արժեքը կազմում է 105 և գտնվում է անառողջ զգայուն խմբերի համար միջակայքում, գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Facebook-յան իր էջում:
Նա նշել է, որ մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է:
«Թեև ընդհանուր բնակչության առողջության վրա այս ցուցանիշը կարճատև ժամանակահատվածում բացասական ազդեցություն չի առաջացնում, շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Ուստի շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։ Խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով», - գրել է Ավինյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ Նուբարաշենի աղբավայրում լուսադեմին գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները։ Առկա է մեծ ծավալի ծխածածկույթ:
«Այս պահին աշխատում է շուրջ 20 միավոր հատուկ տեխնիկա՝ Փրկարար ծառայության, ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ու կապալառու ընկերությունների ամբարձիչներ ու բեռնատարներ՝ հողի ծածկույթով տարածքը լցնելու ուղղությամբ՝ ծուխը վերացնելու նպատակով։ Երկու օրերի ընթացքում 248 մեքենա հող է տեղափոխվել աղբավայր», - նշել է Ավինյանը:
Նա նաև հայտնել է, որ Նուբարաշենի աղբավայրի տարածքի հսկողության ու անվտանգային կանոնների պահպանման նպատակով մեկնարկել են արտաքին լուսավորության համակարգի անցկացման, տեսախցիկների ու արգելապատնեշների տեղադրման նախապատրաստական աշխատանքներ։ Մուտքի վրա խստագույն ռեժիմ է սահմանված։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է բռնկվել, ծուխն ամբողջությամբ տարածվել է քաղաքում:

