Երևանի կենտրոնում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է մանրէաբանական շեղումների պատճառով

09.10.2025, 12:23
«հացով բրդուճ շաուրմայի խոզ+հավ», «մայոնեզ» արտադրատեսակի նմուշները չեն համապատասխանել  սահմանված պահանջներին
Երևանի կենտրոնում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է մանրէաբանական շեղումների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Երևանի Սարյան փողոցում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է մի քանի արտադրատեսակների նմուշներում հայտնաբերված մանրէաբանական շեղումների պատճառով։

Ինչպես հայտնում է ՍԱՏՄ-ի մամուլի ծառայությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սամվել Տեր-Պողոսյանին պատկանող (Զավիկի ղարս) Երևանի Սարյան փողոցում գտնվող հանրային սննդի օբյեկտում, որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «հացով բրդուճ շաուրմայի խոզ+հավ» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ, «մայոնեզ» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։