ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հայտարարեց տնօրենի լիազորությունները դադարեցնելու մասին։
Տնօրենի հրաժարականը պայմանավորված է մասնավորապես Այգում պահվող կենդանիների վրա թափառող շների հարձակումներով։
Հիշեցնենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում թափառող շները երկու անգամ հարձակվել են Այգում պահվող կենդանիների վրա։ Նախօրեին ոհմակը հոշոտել է երեք արու կենգուրուների, իսկ այսօր լույս առավոտյան` երեք մուֆլոնների։
Ավելի վաղ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կառավարման հարցերում պարբերական դարձած խնդիրները, մասնավորապես, վերջին օրերի միջադեպերը, խորհրդակցելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, առաջարկել է Երևանի կենդանակաբանական այգու տնօրենին պաշտոնից հեռանալու դիմում գրել։ Այս մասին Վիրաբյանը հայտնել է իր Facebook–ում։
Загружается новость ...
"Право"
Ինչպես գրել է Խաչատրյանը Facebook—ի իր էջում, Այգու շուրջ վերջին օրերի իրադարձությունները, չհանգստացող կրքերն ու թափառող շների հարձակումները այգում պահվող կենդանիների վրա հաշվի առնելով, չբացառելով դրանում առկա մարդկային գործոնը, սակայն չխախտելով նաև անմեղության կանխավարկածը, նա որոշում է կայացրել դադարեցնել Երևանի կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները:
«Թեպետ որոշումը կայացրել եմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի առաջարկով, լիահույս եմ, որ լիազորություններիս դադարեցման արդյունքում այլևս կավարտվի կենդանիների անկումների շարանը (այդ թվում՝ թափառող շների հարձակումները), քանի որ աշխատանքիս թիրախում մշտապես ունեցել եմ կենդանիների բարեկեցությունն ու հանրային անվտանգությունը»,– գրել է նա։
Խաչատրյանն ավելացրել է նաև, որ իր պաշտոնավարմանս 8 տարիների ընթացքում Երևանի կենդանաբանական այգին գրանցել է տեսանելի առաջընթաց, վերանորոգվել, բարեկարգվել։
Մասնավորապես, կառուցվել են եվրոպական չափանիշներին համապատասխանող ազատավանդակներ, ներմուծվել Երևանում երբևէ չցուցադրված կենդանիներ, բարձրացվել կենդանաբուժական ծառայությունների ստանդարտը, այգին դարձել է Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացայի թեկնածու անդամ:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ մշտապես եղել եմ, և շարունակելու եմ լինել Երևանի կենդանաբանական այգու կողքին՝ որպես աջակից, ինչպես նաև քաղաքային իշխանությունների թիմակից և ընկեր՝ մշտապես աջակցելով Այգու բարեկարգման որդեգրած ուղին առաջ տանելու հարցում»,– ընդգծել է նա և շնորհակալություն է հայտնել քաղաքային իշխանություններին՝ ցուցաբերած վստահության համար։ -0-