«Երևան սիթի»–ում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ հրկիզման հատկանիշներով․ ՔԿ

07.11.2025, 16:34
Նախօրեին Երևանի Կոմիտասի պողոտայում գործող «Երևան սիթի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Երևան սիթի»–ում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ հրկիզման հատկանիշներով․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին Երևանի Կոմիտասի պողոտայում գործող «Երևան սիթի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, քրեական վարույթը նախաձեռնվել է քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով)։ 

Քրեական վարույթի շրջանակում նշանակվել են ապրանքագիտական, ինչպես նաև հրդեհատեխնիկական և դատանյութագիտական համալիր փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքները տևել են շուրջ 3 ժամ, ներգրավված է եղել 14 մարտական հաշվարկ, մեկ մարդ հոսպիտալացվել է, երկու քաղաքացի ծխահարման հետևանքով ստացել է առաջին բուժօգնություն։