Երեկվա իրադարձությունները ցուցադրեցին գործող իշխանության ողջ սնանկությունը. Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել

18.06.2025, 11:54
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել
Երեկվա իրադարձությունները ցուցադրեցին գործող իշխանության ողջ սնանկությունը. Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել։

«Երեկվա իրադարձությունները հերթական անգամ ցուցադրեցին գործող իշխանության ողջ սնանկությունը։ Անկեղծ ատելությունը Հայ Առաքելեկան Եկեղեցու նկատմամբ, քամահրական վերաբերմունքը ազգային արժեքների հանդեպ,

առողջ քննադատության անընդունելիությունը, որևէ այլախոհություն կոպտորեն ճնշելու հիվանդագին ցանկությունը, ցավոք, այս իշխանության «որակների» ոչ ամբողջական ցուցակն է։ Բայց Հայաստանը միշտ ու առաջին հերթին հայտնի է եղել իր սկզբունքային և անվախ որդիներով, ու դեռ չի ծնվել այնպիսի իշխանություն, որ կարողանա կոտրել նրանց։ Երեկ շատերն ընդվզեցին անարդարության դեմ, ու ես անկեղծ շնորհակալ եմ նրանց», – նշվում է Կարապետյանի հայտարարության մեջ։

Նա նաև նշել է, որ հայրենիքն ու հայրենակիցները մշտապես ուշադրությանս կենտրոնում են եղել, իր ու ընտանիքիս կյանքի և գործունեության առանցքում։

«Այդպես եղել է, կա ու կլինի միշտ։ Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից, որովհետև դրանց հիմքում՝ ինքը Հայաստանն է, անհուն հարգանքն ու սերը իմ հայրենիքի, մեր ավանդույթների, մեր պատմության, մեր Եկեղեցու հանդեպ։ Սիրելի հայրենակիցներ, վստահ եմ, որ համախմբվելու ենք ու կարողանալու ենք ելք գտնել մեր երկրի շուրջ ստեղծված ծանր իրավիճակից։ Աստծո օգնությամբ», – նշել է Կարապետյանը։

Նշենք, որ միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը գիշերն իր առանձնատնից բերման է ենթարկվել ուժայինների կողմից։ 

Դիմելով առանձնատան մոտ հավաքված մարդկանց՝ Կարապետյանը հայտարարել է, որ աջակցում է եկեղեցուն։ 

«Ես եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին, թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց Էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են», – հայտարարել է Կարապետյանը։ 

Հունիսի 17–ին Կարապետյանն իր կարծիքն էր հայտնել իշխանություն–եկեղեցի առճակատման հարցով։

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», – հայտարարել է Կարապետյանը։ 

Դրանից հետո ուժայիններն օպերատիվ գործողություններ են սկսել Կարապետյանի երևանյան առանձնատանը։