ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Առաջիկայում կիրագործվի Էրեբունի արգելոց թանգարանի ամբողջական վերակազմավորմանը, արդիականացմանը և զգալի ընդլայնմանն ուղղված ծրագիր, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Այս նպատակով հուշագիր է ստորագրվել IDeA հիմնադրամի, Ջոն և Սոսի Բալյանների հիմնադրամի և Էրեբունի արգելոց թանգարանի միջև:
Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ցուցասրահներում այցելուները Երևանի պատմության տարբեր շրջանների վիրտուալ ականատեսը կդառնան:
«Սա նոր մոտեցում է, որովհետև Հայաստանը չունի թանգարան, որն ունենա առանձին մասնաշենք, որտեղ վիրտուալ թանգարանի տարրեր կան, և հիմա մենք Էրեբունիում կստեղծենք այդ թանգարանն ու հնարավորություն կտանք թանգարանին երկրորդ կյանք ունենալ: Վստահ եմ, որ այս մեծ ներդրումը հնարավորություն կտա մեծաթիվ այցելուներ ապահովել Երևան և մասնավորապես՝ Էրեբունի թանգարան: Արդեն հունիսից նախագծանախահաշվային աշխատանքները կսկսվեն և մեկ-երկու տարվա ընթացքում կկարողանանք Էրեբունիի երկրորդ մասնաշենքն ունենալ Երևանում, որը վստահ եմ, նոր շունչ կհաղորդի թանգարանին»,- ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Նրա խոսքով, նախագծի աշխատանքները կմեկնարկեն հունիսից, և մեկ-երկու տարուց կբացվի թանգարանի երկրորդ մասնաշենքը:
Երևանի ծայրամասում, համանուն փողոցի վրա, գտնվում է Արին–Բերդ բլուր–հնավայրը, որի վրա հայտնաբերվել են հին ուրարտական քաղաքակրթության հենակետի` Էրեբունի ամրոցի մնացորդները։ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի և Հայկական ԽՍՀ–ի գիտությունների ակադեմիայի գիտարշավի (որը գլխավորում էր ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկին) գտածոները դարձան Էրեբունի թանգարանի հավաքածուի հիմքը։ Բացի թանգարանի սրահներից, որտեղ ներկայացված են ցուցանմուշները, թանգարանի մի մասն են կազմում նաև մ.թ.ա. VIII դարի բերդապատնեշների մնացորդները, որտեղ կարելի է անգամ զբոսնել։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում