ԵՄ-ն և Հայաստանը միասին կառուցում են ավելի ամուր կապեր. Եվրոպական խորհրդի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

09.06.2026, 12:24
Եվրոպական խորհրդի նախագահը  շնորհավորել է  Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով
ԵՄ-ն և Հայաստանը միասին կառուցում են ավելի ամուր կապեր. Եվրոպական խորհրդի նախագահը  շնորհավորել է Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։

«Հայ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի ամուր համագործակցության վրա կառուցված ապագայի համար։

Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների առիթով։ Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով Հայաստանի դիմադրողականության, կայունության և բարգավաճման ամրապնդման գործում», - նշել է Կոշտան։

Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է, որ ԵՄ-ն և Հայաստանը միասին կառուցում են ավելի ամուր կապեր մարդկանց միջև և ստեղծում նոր հնարավորություններ էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում։

«Մեր ամուր գործընկերությունը ներդրում է ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի մեջ ամբողջ տարածաշրջանի համար», - նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԺ ընտրությունների մասին

Համաձայն ընտրությունների նախնական արդյունքների, որոնք հունիսի 8-ին ներկայացրել է ԿԸՀ-ն, Հայաստանի խորհրդարան են անցնում 3 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ստացել է ձայների 49,825%-ը), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։

Մնացած 15 քաղաքական ուժերը չեն հաղթահարել ԱԺ անցողիկ նվազագույն շեմը (4%՝ կուսակցությունների համար, 8%՝ երկու կուսակցություններից կազմված դաշինքների համար, 10%՝ երեք և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար)։

ԿԸՀ-ի տեղեկություններով՝ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 503 974 մարդ։ Մասնակցությունը կազմել է 58,97%, քվեարկությանը մասնակցել է 1 476 916 ընտրող։