ԵՄ-ի կողմից ներդրվում է մուտքի/ելքի նոր համակարգ, որը վերաբերում է նաև ՀՀ քաղաքացիներին

09.10.2025, 10:16
Համակարգը կսկսի գործել 2025թ. հոկտեմբերի 12-ից

ԵՄ-ի կողմից ներդրվում է մուտքի/ելքի նոր համակարգ, որը վերաբերում է նաև ՀՀ քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Եվրոպական Միության կողմից ներդրվում է նոր Մուտքի/ելքի համակարգ (Entry/Exit System – EES), որը կսկսի գործել 2025թ. հոկտեմբերի 12-ից։ Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Նոր համակարգի նպատակն է ամրապնդել Շենգենյան գոտու արտաքին սահմանների վերահսկողությունը, բարձրացնել անվտանգությունը և պարզեցնել գործընթացները ոչ ԵՄ երկրների քաղաքացիների համար։Ինչ պետք է իմանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները

Ո՞ւմ է վերաբերում 

Նոր համակարգը վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չեն հանդիսանում ԵՄ կամ Շենգենյան գոտու անդամ պետության քաղաքացի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին։

Ի՞նչ է փոխվում 

Սահմանային անցակետերում ԵՄ և Շենգենյան գոտու պետությունները կգրանցեն յուրաքանչյուր մուտք և ելք՝ փոխարինելով ներկայիս անձնագրում դրոշմակնիքների դնելու գործելակերպը։

Գրանցվող տվյալները

- Անձնական տվյալներ (անուն, ազգանուն, քաղաքացիություն և այլն),

- Ճամփորդական փաստաթղթի տվյալներ,

- Մուտքի և ելքի ամսաթիվ ու վայր,

- Կենսաչափական տվյալներ՝ մատնահետք և դեմքի լուսանկարում։

Վավերականության վերահսկում 

Համակարգը ավտոմատ կերպով կվերահսկի, թե արդյոք թույլատրելի է տվյալ անձի մուտքը, և արդյոք չի գերազանցվել Շենգենյան գոտում կարճաժամկետ մնալու «90 օր՝ յուրաքանչյուր 180 օր ժամանակահատվածում» կանոնը։

Որտե՞ղ է գործելու 

Համակարգը կգործի բոլոր արտաքին սահմանային անցակետերում՝ օդանավակայաններում, ծովային նավահանգիստներում և ցամաքային սահմանային անցակետերում։

Ինչպե՞ս պատրաստվել

 Ճանապարհորդները պետք է պատրաստ լինեն կենսաչափական տվյալների (մատնահետք, լուսանկարում) տրամադրմանը և սահմանին ստուգման ավելի երկար տևող ժամանակահատվածին՝ հատկապես առաջին անգամ մուտք գործելիս։

EES-ը ԵՄ լայնածավալ թվային սահմանային կառավարման համակարգ է, որը մշակվել է միգրացիոն գործընթացների թափանցիկության և անվտանգության բարձրացման նպատակով։ Համակարգի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն հասանելի է հետևյալ հղումով. https://travel-europe.europa.eu/ees