ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. McDonald's–ը չի ծրագրում Հայաստանում ռեստորանների ցանց բացել։ Այդ մասին ասել է Եվրոպայում McDonald's ռեստորանների ցանցի մամուլի քարտուղար Սանջեյ Միսթրին` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։
Ավելի վաղ ԶԼՄ–ներում հերթական անգամ տեղեկություն էր տարածվել, որ վրացի գործարար, «Կոկա Կոլա Բոթլերս Ջորջիա» ընկերույթան ղեկավար, «McDonald's Georgia» ֆրանչայզի սեփականատեր Թեմուր Ճկոնիան արդեն Հայաստանում ռեստորանային ցանցի բացման արտոնագիր է ստացել և այդ նպատակով առաջիկայում կժամանի Երևան։ Ճկոնիան հայտնել էր, որ «McDonald's Georgia»–ն որպես «McDonald's»–ի գործընկեր կարող է երկկողմ պայմանագրի հիման վրա գալ հայկական շուկա։
McDonald's–ը վախեցավ հայկական ֆաստֆուդից>>
Տարածած տեղեկության իսկությունը ստուգելու համար «Նովոստի–Արմենիա» գործակալությունը դիմել է McDonald's–ի եվրոպական գլխավոր գրասենյակ` խնդրելով հաստատել կամ հերքել Հայաստանում վրացի գործարարի կողմից ռեստորանների բացման լուրը։ McDonald's–ի մամուլի ծառայության պատասխանը չուշացավ։
««McDonald's»–ում մենք դիտարկում և վերլուծում ենք համապատասխան տնտեսական և բիզնես գործոնները` նոր շուկայում կամ երկրում ռեստորան բացելու կամ չբացելու հարցը լուծելիս։ Ներկայում մենք չենք ծրագրում բացել ռեստորանների ցանց Հայաստանում»,– ասել է Միսթրին։ -0-