Եկեք վարորդների ատեստավորում անենք․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի․/Նովոստի—Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ընթացքում անդրադարձել է երկրում գրանցվող մեծ թվով ավտոպատահարներին։
«Գալիս է տարվա վերջ, մեծ աղմուկ է բարձրանում, որ ոստիկանությունը ձախողել է, էսքան վթար կա, էսքան զոհ։ Ոչ մեկ չի ասում՝ ժողովուրդ ջան, իսկ մենք ավտո քշել գիտե՞նք», – հարցադրում արեց Փաշինյանը։
Նա առաջարկեց ատեստավորում անցկացնել վարորդների շրջանում։
«Մենք որ տարբեր տեղերում ատեստավորում ենք անում, ուզում ենք ստուգել որակավորումը։ Քանի որ մեր երկրում մեծ անվտանգության պրոբլեմ է, վթարների մեծ քանակ է, զոհերի մեծ թիվ է, եկեք վարորդների ատեստավորում անենք։ Շատ լավ արդյունքներ կունենանք։ Կսկսենք ոտքով քայլել, կանցնենք առողջ ապրելակերպի», – ասաց վարչապետը։
Նա նշեց, որ ոչ ոք չի նսեմացնում կառավարության պատասխանատվությունը։
«Բայց մեկը խմում ա, գնում ավտոյով պատին ա տալիս, 7–8 հոգի զոհվում ա, վեր ա կենում ասում ա՝ «Արա, էսի երկիր չի»։ Եթե մեր պատասախանատվությունն է, պետք է փակենք, ասենք՝ չենք քշում», – ասաց նա։
Նրա խոսքով, մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են։
«Ոչ թե կեղծված են, այլ կեղծ են։ Մարդիկ ղեկին նստում են՝ դրա իրավունքը չունենալով», – ասաց Փաշինյանը։

