«Դու ո՞վ ես, բա դու ո՞վ ես». լեզվակռիվ ԱԺ–ում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ԱԺ–ում իսկապես թեժ մթնոլորտ էր։
Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն իր ելույթի ժամանակ անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն նկատառմանը, որ կառավարությունը եթե լավ բան ցանկանա անել, ոչ ոք սաբոտաժ չի կարող անել։
«Պարոն Մարուքյան, շնորհակալություն եմ հայտնում ձեզ լավ գաղափար տալու համար կառավարությանը, բայց ուզում եմ ասել, որ սա բխում է ձեր նախորդ հայտարարություններից, երբ ասում էիք, որ մշտապես ուզում եք աջակցել, օգնել, որ հաջողի կառավարությունը: Բայց չեմ ուզում ընկնենք ծայրահեղությունների մեջ: Օրինակ, մեր հանձնաժողովում ձեր գործընկերներ տիկին Կոստանյանին և պարոն Բաբայանին կարող եք հարցնել, որովհետև վստահ եմ չգիտեք, եթե իմանայիք նման հռետորաբանությամբ հանդես չէիք գա։ Մի հետաքրքրիր օրենք կա կինոյի մասին, որը պատվիրակել ենք տիկին Կոստանյանին, որ ևս դա գա ընդդիմությունից, ցավում եմ որ դուք չգիտեք։ Պետք է միակողմանի չնայենք հարցին»,– նշեց Հայրապետյանը, որին ի պատասխան դահլիճից հակադարձեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Այդ ժամանակ Մխիթար Հայրապետյանը հունից դուրս եկավ։
«Պարոն Գորգիսյան, ես լուռ լսել եմ, հարգալից եմ վերաբերվել, ուրեմն տեղից ոչ մի խոսք, Գորգիսյան, լռե՛ք», – ասաց նա։
«Դուք լռեք», – դահլիճից պատասխանեց Գորգիսյանը։
«Ո՞նց դուք լռեք»,– զարմացավ Մխիթար Հայրապետյանը։
«Պարոն Գորգիսյան, ձեզ եմ ասում և իմ մյուս գործընկերներին, փոխեք ձեր հռետորաբանությունը և ոճը, սա խնդրանք է, բայց նաև չեմ ուզում ընկալվի սպառնալիք, որ եթե դուք չփոխեք այս ամենը, մենք կփոխենք մեր ոճը։ Ես չեմ ուզում, որ որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին, իսկ «դուխի» հետ կապված, կարծում եմ, առնվազն այս հատվածն ապացուցել է, որ ունի», – բավականին խիստ տոնով նշեց Հայրապետյանը։
Դրանից հետո դահլիճից արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որին ի պատասխան Մխիթար Հայրապետյանն զայրացավ։
«Պարոն Մարուքյան, լռե՛ք, ա՛յ քեզ բան, դուք ա, դու չի ձեզ համար», – ասաց նա։
«Դու ո՞վ ես»,– դահլիճից բղավեց Մարուքյանը։
«Դու ո՞վ ես»,–պատասխանեց Հայրապետյանը։
Լեզվակռվին միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Պարոն Մարուքյան, ելույթ է ունենում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ Շատ ցավում եմ, որ մինչև հիմա չեք ծանոթացել», – նշեց Միրզոյանը։
«Հետագայում որ մի 10 րոպե ունենամ, կանդրադառնամ ձեզ, պարոն Մարուքյան, մի չարաշահեք և հակաճառեք տեղից», – իր հերթին նշեց Մխիթար Հայրապետյանը։–0–