ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ավարտվել է Ալավերդու մանկապարտեզի դաստիարակչուհի Գայանե Մալխասյանի գործի դատական քննությունը, հայտնում է
1in.am-ը:
2017 թվականի փետրվարի 14-ին, ժամը 9:30 սահմաններում երեքամյա
Ռոբերտ Դալլաքյանը դուրս է եկել մանկապարտեզի շենքից, ապա դուրս է եկել նաև մանկապարտեզի տարածքից, գնացել է մանկապարտեզից շուրջ 300 մետր հեռավորությամբ հոսող Դեբեդ գետի ափը և բերանքսիվայր ընկել է գետը։ Երեխայի դին հայտնաբերվել է Դեբեդի ափին նույն օրը՝ ժամը 10-ն անց 30-ի սահմաններում։
Դաստիարակչուհի Գայանե Մալխասյանը, ով տվյալ մանկապարտեզում դաստիարակ էր, անուշադրության է մատնել երեխային` դրսևորելով «անկարգապահություն և անշրջահայացություն»:
Загружается новость ...
"Право"
Փորձագիտական եզրակացության համաձայն, երեխայի մահվան պատճառ է եղել շնչուղիները հեղուկով՝ ջրով փակվելու հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձությունը։
Ըստ մեղադրանքի՝ 49-ամյա Գայանե Մալխասյանը, աշխատելով Ալավերդու թիվ 3 մանկապարտեզում՝ որպես դաստիարակ, «պարտավոր լինելով պահպանել երեխաների կյանքը, ի պաշտոնե՝ հաստատությունում եղած ժամանակ երեխաների կյանքի ու առողջության համար կրելով անձնական պատասխանատվություն, պարտավոր լինելով իրականացել հոգածություն և մանրազնին հսկողություն իրեն վստահված երեխաների նկատմամբ, ցուցաբերել է հանցավոր անգործություն և անփութություն»։ Գայանե Մալխասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասով` անզգուշությամբ մահ պատճառելը:
Նրա խափանման միջոցն էր ստորագրությունը հեռանալու մասին։
Դատարանում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով։
Մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված առավելագույն պատիժը մինչև 3 տարի ազատազրկումն է։
Դատարանը հաշվի է առել, որ Գայանե Մալխասյանը բնութագրվում է դրական, իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, տուժողը նրա նկատմամբ բողոք կամ պահանջ առաջ չի քաշել։
Դատարանը հաշվի է առել նաև կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը։
Գայանե Մալխասյանը դատապարտվել է 3 ամիս ազատազրկման։ Այս պատիժը նա պայմանականորեն չի կրի, նրա նկատմամբ սահմանվել է 1 տարի փորձաշրջան։ -0-