Դաշնակցությունը հայտնում է կուսակցության ներկայացուցիչների բնակարաններում խուզարկությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հաղորդում է կուսակցության ղեկավարների բնակարաններում կատարված խուզարկությունների մասին։
«Այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում»,-նշվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր առավոտից իրավապահները գործողություններ են իրականացնում ընդդիմադիրների բնակարաններում, այդ թվում՝ Բագրատ Սրբազանի տանը։
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջում կիսվել է Civic am կայքից «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով pdf ֆայլով։
Մասնավորապես, փաստաթղթում շարադրվում են գործողություններ, որոնք ենթադրաբար պետք է հանգեցնեն Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հեռացմանը և նոր իշխանական համակարգի փուլային անցմանը։
«Իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը»,-այսպես է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի հրապարակումն այն մասին, որ «Սրբազան պայքարի» մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։