DALAN TECHNOPARK․ հիմնակմախքի 80%–ը պատրաստ է, երկու մասնաշենքերը միացված են, մեկնարկել է միասնական հարկերի շինարարությունը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի առաջին տեխնոլոգիական և բիզնես կենտրոնի՝ Դալան Տեխնոպարկի շինարարության կարևորագույն փուլերից մեկն է։
Շինության երկու մասնաշենքերը 15-րդ հարկում միացել են և հիմք ստեղծել միասնական հարկերի շինարարությունը շարունակելու համար։

Կատարված աշխատանքի արդյունքը ցուցադրելու և շինարարության առաջընթացին ծանոթացնելու նպատակով Դալան Տեխնոպարկի շինարարական հրապարակում կազմակերպվել էր ընդունելություն։

Ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, այլ պաշտոնատար անձինք, ոլորտի մասնագետներ, գնորդներ, գործընկերներ։

Մասնաշենքերի միացման գործընթացը համեմատելի է կամրջաշինության մեջ երկու կողմերի միացման աշխատանքների հետ, սակայն առանձնահատուկ է նրանով, որ ամբողջ գործընթացն իրականացվում է մեկ միասնական շինության շրջանակներում և ամենակարևորը՝ ստեղծվում է հիմք հետագա հարկերի կառուցման համար։ Հենց այդ հիմքի ստեղծումը կարևորագույն գործընթաց է, քանի որ այն պետք է իր վրա պահի ևս 7 հարկ։

Այսօր Հայաստանի ժամանակակից ճարտարապետության մեջ չկա նման համարձակ կոնստրուկտորական լուծումներով շինություն, և Դալան Տեխնոպարկի թիմը հպարտ է, որ կարող է ներկայացնել Դալանը որպես բացառիկ օրինակ։

Նման մասշտաբային նախագծերի իրականացման ժամանակ առանձնահատուկ կարևորություն ունի գործընթացների ճիշտ կառավարումը։
«Կառուցապատման տարբեր փուլերում շատ կարևոր է իրար հաջորդող գործընթացների արդյունավետ կառավարումը և այսօր, գտնվելով շինարարության այս փուլում, մենք վստահ կարող ենք ասել, որ դա մեզ հաջողվել է»,-նշեց նախագծի կառուցապատման կառավարմամբ զբաղվող 1SQ ընկերության տնօրեն Գոհար Սաղոյանը։

Դալան Տեխնոպարկի երկու մասնաշենքերը միացված են։ Դալանը կառուցվում է՝ դառնալով Երևանի այցեքարտերից մեկը, ձևավորելով շինարարության իրականացման նոր մշակույթ և ստեղծելով աշխատանքային միջավայրի մասին բոլորովին նոր պատկերացումներ Հայաստանում։

Միասնական հարկերի շինարարության հիմքը պատրաստ է, և ընդամենը մեկ տարի անց Դալան Տեխնոպարկը կներկայանա բոլորին ոչ միայն որպես մոնումենտալ շինություն` իր բացառիկ ճարտարապետական, ինժեներական և կոնստրուկտորական լուծումներով, այլ՝ որպես նոր ստանդարտներ թելադրող բիզնես միջավայր։

