COVID-19-ի դեպքերի նկատելի աճ. ԱՆ-ն կոչ է անում չկորցնել զգոնությունը

01.10.2020, 09:53
ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում չկորցնել զգոնությունը COVID-19-ի դեպքերի նկատելի աճի ֆոնին։
COVID-19-ի դեպքերի նկատելի աճ. ԱՆ-ն կոչ է անում չկորցնել զգոնությունը

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում չկորցնել զգոնությունը COVID-19-ի դեպքերի նկատելի աճի ֆոնին։ 

«Սիրելի' հայրենակիցներ, այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում Արցախն է: Հայ ժողովուրդը մտքով և գործով սատարում է իր եղբայրներին, պայքարում հանուն ապագայի: Առերևույթ մյուս խնդիրները մղվում են հետին պլան: Սակայն պետք չէ անտարբերության մատնել դեռևս աշխարհում, այդ թվում` Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը: Համավարակը չի նահանջել, ավելին` Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նկատելի աճ»,- ասվում է նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները: 

«Սիրելի ժողովուրդ, կոչ ենք անում չկորցնել զգոնությունը, եկեք շարունակենք կրել դիմակներ, պահպանենք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան:

Ինչպես համաճարակի ողջ ընթացքում, այնպես էլ հիմա, առավել քան կարևոր է մեր քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը: Եվս մեկ անգամ հորդորում ենք ցանկացած իրավիճակում լինել հետևողական` այն գիտակցումով, որ կարող ենք կանխել հիվանդության տարածումը, ինչն ամուր կպահի թիկունքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-