Cloudflare–ում նույնիսկ մինչև վերջ չեն հասկացել խնդրի պատճառը․ փորձագետը՝ գլոբալ խափանման մասին
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/․ Այսօր 15:48 րոպեից աշխարհի խոշորագույն DDoS պաշտպանություն և բովանդակության հասանելիություն ապահովող հարթակը՝ Cloudflare–ը, խնդիր է ունեցել, որի հետևանքով հայաստանյան բազմաթիվ լրատվակայքեր, որոնք օգտվում էին Cloudflare-ից, անհասանելի էին դարձել։
Այս մասին հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը։
Նա նշել է, որ որոշ կայքեր մինչև այժմ լիարժեք չեն վերականգվել։
«Վատն այն է, որ ըստ Cloudflare–ի տարածած հաղորդագրության, իրենք դեռ «աշխատում են այս խնդրի ամբողջական ազդեցությունը հասկանալու և մեղմելու ուղղությամբ»։ Փիառի լեզվից մարդկային լեզու թարգմանելով՝ ես սրանից եզրակացնում եմ, որ իրենք նույնիսկ մինչև վերջ չեն հասկացել, ինչ պատճառով է խնդիրը եղել, որպեսզի հասկանան, թե դա ինչքան է տարածվել և ում վրա է ազդել», – նշել է Պապյանը։
Միջազգային լրահոսում արդեն հրապարակումներ կան, որոնցից կարելի է եզրակացնել, որ խնդիրը ազդել է անգամ X-ի, ChatGPT–ի և այլ խոշոր հարթակների վրա։
«Նման պահերին հասկանում ես, թե ինչ աստիճանի մեծ է մեր՝ և առհասարակ ամբողջ աշխարհի, ինտերնետի կախվածությունը մի քանի հիպերկենտրոնացած, գերհսկա ենթակառուցվածք ապահովող ծառայություններից», – գրել է Պապյանը։

