Չորս անձ ձերբակալվել է Երևանում նախկին պատգամավորի վրա տեղի ունեցած հարձակման գործով
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․Երևանում ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։
Նշենք, որ խոսքը ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական գործիչ Միհրան Հակոբյանի վրա հարձակման մասին է։
«ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ և համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների հետ, այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։ Նրանք կներկայացվեն Քննչական կոմիտե», – գրել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Facebook–յան իր էջում։
Հաղորդագրության մեջ չի ինշվում տուժողի անունը, սակայն հանցագործության բացահայտման վերաբերյալ Քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրության մեջ նշված է Մ․ Ա․։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, խոսքը հասարակական գործիչ Միհրան Հակոբյանի մասին է։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված մեծածավալ քննչական և վարութային, ինչպես նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ծառայողների հետ համատեղ իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2025 թվականի դեկտեմբերի 8-ին Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 հասցեի դիմաց խմբի կազմում խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները։
Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ․Հ․-ի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը նախապես պլանավորվել է, դրա կատարման համար ձեռք են բերվել միջոցներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոց և կեղծ համարանիշ, որից հետո ենթադրյալ հանցանք կատարած անձինք դարանակալել, հետապնդել են Մ․Հ․-ին և իրականացրել դիտավորությունը։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Հ.-ի, Ս.Խ.-ի, Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և 458-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից կեղծ հաշվառման համարանիշներ օգտագործելը), Գ.Պ.-ի նկատմամբ՝ 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելուն օժանդակելը), 46-297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելուն օժանդակելը) և 458-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից կեղծ հաշվառման համարանիշներ օգտագործելը), Ա.Բ.-ի նկատմամբ՝ 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելուն օժանդակելը), և 46-297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելուն օժանդակելը)։
Որոշումներ են կայացվել նշված անձանց դատարան ներկայացնելու հիմքով ձերբակալելու մասին։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

