Չորեքշաբթի` օգոստոսի 28–ի առավել ուշագրավ նորությունները
- Sanitek ընկերությունը նախազգուշացնում է մատուցվող ծառայությունների վատթարացման մասին։
Ավելի ուշ քաղաքապետարանը պատասխանել է «Սանիթեք»–ին` ասելով, որ ավելի վատ արդեն լինել չի կարող։
- Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Ինչպես հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը, նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Վիկտոր Առուստամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ։
- Հայաստանում ավտոմեքենայի դեֆիցիտ է: Պատճառը հաջորդ տարվա հունվարի 1-ից սպասվող գնային փոփոխությունն է: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը:
«Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ մաքսային կանոններով թելադրված ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է ըստ շարժիչի հզորության, ինչը հանգեցնելու է նրան, որ 4- 5 անգամ ավելանալու է այդ մեքենաների արժեքը: Չնայած որ հունվարի 1-ին դեռ ավելի քան չորս ամիս կա, բայց մարդիկ սկսել են միջոցներ հայթայթել և մեկ օր շուտ ավտոմեքենա գնել էժան գնով: Բայց սրան զուգահեռ նկատենք, որ մեքենա վաճառողները, առիթից օգտվելով վերջին շրջանում զգալի բարձրացրել են մեքենաների գները», - գրում է թերթը:
Աղբյուրի տեղեկացմամբ, մեքենա ներկրողների մեծ մասը «պահեստավորել է» մեքենաները, որպեսզի դրանք վաճառի հունվարի 1-ից հետո կրկնակի թանկ գնով
- Նախօրեին` օգոստոսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Հ. Փարսադանյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Անհաղթի փողոցում՝ Դրոյի 3 շենքի դիմաց, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին, որպեսզի վրաերթի ենթարկվածներին, ովքեր, ըստ դեպքի վայրում հավաքվածների, տատ ու թոռ են, տեղափոխվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
- Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը, օգոստոսի 28-29-ին առանձին շրջաններում, 30-31-ին և սեպտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:Օդի ջերմաստիճանը 28-29-ին էապես չի փոխվի, 30-31-ին կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 7-9 աստիճանով։
Երևանում օգոստոսի 28-29-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև, 30-31-ը և սեպտեմբերի 1-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ -0-

