Չորեքշաբթի` օգոստոսի 21–ի առավել ուշագրավ նորությունները
- Հայտնի եվրոպական Ryanair ավիաընկերությունը քննարկում է հայկական շուկա մուտքի հնարավորությունները: Այդ մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա լուսանկար է հրապարակել, նշելով, որ երեկ Սևանի ափին, Նկարիչների միության հանգստյան տանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ միասին հանդիպել ենք իռլանդական Ryanair ընկերության նախագահի տեղակալ Դեյվիդ Օբրայենին և ուղղությունների զարգացման գծով ղեկավար Քեյթ Շերիին։
-
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Այդ մասին նշվում է www.datalex.am-ում:
Քաղաքապետը հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջով:
Նշենք, որ Աղեկյանը բազմիցս բողոքի ցույցեր է կազմակերպում քաղաքապետարանի դիմաց:
-
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ամուլսարի վերաբերյալ նոր գրառում է կատարել իր Facebook–ում, ասելով, որ որոշում կայացնելիս իշխանությունները պետք է հիմնվեն փաստերի ու փորձագիտական գնահատակնների, այլ ոչ էմոցիաների, ցանկությունների, անձնական համակրանքի կամ հակակրանքի վրա, որքան էլ որ այդ գործոնները ծանրակշիռ լինեն։
-
Ավարտվել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունը։ Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը»` հղում անելով Սանասարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանին։
Պաշտպանը թերթին հայտնել է, որ քրեական գործի բազմահատոր նյութերը այս պահին տրամարդվում են պաշտպանական կողմին, որոնց ծանոթանալու համար կողմը միջնորդել է 20 օր ժամանակ տրամադրել: -0-

