Չորեքշաբթի` մայիսի 22–ի առավել ուշագրավ նորությունները
23.05.2019,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` մայիսի 22–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` մայիսի 22–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
- Մայիսի 22–ին ժամը 00։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Արսեն Վարդանյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Հրազդան գետում։ Վթարի հետևանքով վարորդ Ա. Վարդանյանն ու ուղևոր Լևոն Ֆիդանյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ճանապարհին Ա. Վարդանյանը, գիտակցության չգալով, մահացել է։ Shamshyan.com–ի հաղորդմամբ, մահացածը աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
- Ռուսական «Кубань 24» պարբերականը ներառել է Գառնու տաճարն աշխարհի ճարտարապետական «փյունիկների» թոփ հնգյակում։ Ցանկում ներառվել են նաև Գերմանիայի Քյոլնի տաճարը, Ճապոնիայի Կինկաքու-Ջի տաճարը, Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարը, ինչպես նաև Իտալիայի Մոնտեկասինոյի աբբայությունը:
- Հայաստանում կիրականացվի 700 հազար դոլարի նախագիծ պետական ապարատի համար էլեկտրամոբիլներ ներդնելու համար։Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը նշեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորանը, նախարարությունն առաջարկել է գնել 12 էլեկտրամոբիլ նախարարների համար, որոնք կլինեն ավելի էկոլոգիական և պակաս ծախսատար: Դիտարկվում է նաև նման մեքենաների գնման հնարավորությունը վարչապետի և նախագահի համար, վերջինս արդեն հետաքրքրություն է հայտնել այդ նախագծի հարցում: Նախարարի խոսքով, նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 700 հազար դոլար, որոնք կուղղվեն Հայաստանում ուսումնասիրությունների անցկացման, քաղաքականության մշակման և բնակչության իրազեկման բարձրացման վրա:
- Երևանի Ավագանին չորեքշաբթի նիստին լարված մթնոլորտում քննարկեց «Լույս» խմբակցության նախաձեռնությունը` ներառել «սուրբ» ածականը Երևանի որոշ կենտրոնական փողոցների անվանումներում, որոնք կրում են հայտնի հայ սրբերի անունները։ Մասնավորապես, «սուրբ» բառն առաջարկվում էր ավելացնել Մեսրոպ Մաշտոցի պողոտայի, Գրիգոր Լուսավորիչ և Մովսես Խորենացի փողոցների անվանումներում: Քննարկման արդյունքում, Ավագանին որոշեց ավելացնել «սուրբ» բառը միայն Գրիգոր Լուսավորիչ փողոցի անվանմանը:
- Լոնդոնի «Արսենալը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, մայիսի 9-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակչի ուղեգիր է ձևակերպել, որը պետք է կայանա մայիսի 29-ին Բաքվում: Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ինչպես նաև հայտնի խնդիրները, որոնց բախվում են հայերն Ադրբեջանում հայտնվելու փորձ ձեռնարկելիս, միանգամից առաջ եկավ եզրափակչին Մխիթարյանի մասնակցության հարցը: ՈՒԵՖԱ-ն ադրբեջանական կողմից ֆուտբոլիստի համար անվտանգության պաշտոնական երաշխիքներ է պահանջել, որոնք տրամադրվել են: Այնուամենայնիվ, նախօրեին «Արսենալը» պաշտոնապես հայտարարել է, որ մանրամասն ուսումնասիրել է առաջիկա խաղին Մխիթարյանի մասնակցության բոլոր տարբերակները, բայց ֆուտբոլիստի և նրա ընտանիքի հետ հարցի քննարկումից հետո որոշվել է, որ նա չի գնա Բաքու: «Արսենալը» նաև նամակ է գրել ՈՒԵՖԱ-ին և խորը մտահոգություն է հայտնել իրավիճակի կապակցությամբ: «Դիտարկելով բոլոր ընթացիկ տարբերակները` մենք ստիպված եղանք բարդ որոշում կայացնել, որ ես թիմի հետ չմեկնեմ Եվրոպա լիգայի եզրափակչին»,– նշել է ֆուտբոլիստը։ -0-

