Չենք վճարում տրանսպորտի համար, ավելի երկար ենք սպասում նոր շարժակազմերի ձեռք բերմանը․ քաղաքապետարան

03.06.2025, 14:48
Երևանում հասարակական տրանսպորտի համար չվճարելը կհանգեցնի քաղաքապետարանի կողմից նոր շարժակազմի ձեռք բերման ուշացումների, ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը
Չենք վճարում տրանսպորտի համար, ավելի երկար ենք սպասում նոր շարժակազմերի ձեռք բերմանը․ քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում հասարակական տրանսպորտի համար չվճարելը կհանգեցնի քաղաքապետարանի կողմից նոր շարժակազմի ձեռք բերման ուշացումների, ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Բացի այդ, քաղաքապետարանի համար ավելի դժվար կլինի լուծել հասարակական տրանսպորտի ոլորտում առաջացող խնդիրները», - նշեց Կոստանյանը երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ։ 

Մամուլի քարտուղարը հիշեցրեց, որ քաղաքապետարանն ավելի վաղ հայտարարել էր 45 նոր տրոլեյբուս գնելու մտադրության մասին։ 

«Տրանսպորտի համար չվճարելու կոչերի արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ այս 45 տրոլեյբուսներից առնվազն 30-ը այլևս հնարավոր չէ գնել, անհրաժեշտ գումար չի հավաքվել։ Հետևաբար, այս 30 նոր տրոլեյբուսները հանվել են ցուցակից», - ասաց Կոստանյանը։ 

Նրա խոսքով, եթե ուղևորության համար միջոցների հավաքագրումը շարունակվի նույն տեմպերով նվազել, հնարավոր է, որ Երևանի քաղաքապետարանը չկարողանա գնել մնացած 15 տրոլեյբուսները։

Կոստանյանը նշեց, որ քաղաքապետարանը նախաձեռնել է հասարակական տրանսպորտում չվճարելու համար տուգանքների վերաբերյալ օրինագիծ։ Այս հարցը մնում է օրակարգում, բայց որոշումը պետք է կայացնի Ազգային ժողովը։

Տուգանքների մասին օրինագծի մասին 

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացվել օրինագիծ, որը նախատեսում է տուգանք տրանսպորտում չվճարող կամ ուրիշներին պատկանող արտոնյալ ուղետոմսերով երթևեկողների նկատմամբ։

Ինչպես նշվում է նախագծում, ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց սահմանված տեղական վճարը կամ միասնական ծառայության տեղական վճարը կամ փոխադրավարձը վճարելու կամ տրանսպորտային միջոցում առանց տեղական վճարի վճարման կրիչը վավերացում կատարելու օգտվելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով (15 000 դրամ):

Ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից օգտվելու տեղական վճարի կամ միասնական ծառայության տեղական վճարի արտոնության կիրառմամբ այլ անձի կողմից նշված ծառայություններից օգտվելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնութապատիկի չափով (18 000 դրամ):