Բողոքի ակցիա և ավտոերթ. Ամուլսարի պահապանները բողոքի մեծ ակցիա են սկսել Երևանում (ՖՈՏՈ)
17:58
20 Օգոստոսի 2020
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Մոտ 2 տասնյակ բնապահպաններ հինգշաբթի բողոքի ակցիա են անցկացնում ի պաշտպանության Ամուլսարի և Ջերմուկի՝ Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի դիմաց:
Ակցիա մասնակիցները կոչ են անում կառավարությանը հրաժարվել հանքի շահագործման ծրագրից և զբաղվել բնապահպանության հարցերով: Սակայն Երևանում ընթացող ակցիան խաղաղ անհնազանդության շարժման մի մասն է միայն:
Ջերմուկից ակցիայի մասնակիցները ավտոերթով հասել են Երևան Կառավարությանը իրազեկելու հանքի հետագա շահագործման վերաբերյալ քաղաքացիների դիրքորոշման մասին:
Օպերայի շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները հայտնել են, որ ավտոերթի մասնակիցների հետ միասին մտադիր են սկսել բողոքի մեծ երթ անցկացնել քաղաքի փողոցներով:
Բնապահպաններն իրենց մոտ ունեն պաստառներ՝ ««Ամուլսար ասելիս ծնկներս դողում են» ՀՀ կառավարություն», «Ամուլսարի ՇՄԱԳ-ը ուժը կորցրած պիտի ճանաչենք», «Մենք ենք մեր սարերը ու կողքի մանր-մունր քարերը» գրություններով։
Նշենք, որ ակցիայի վայրում կենտրոնացված են նաև ոստիկանական ուժեր։
Ամուլսարի խնդիրը
Ամուլսարի հանքավայրի աշխատանքը, որի շահագործմամբ զբաղվում է Lydian Armenia ընկերությունը, դադարեցվել է 2019թ.–ի փետրվարից` Ջերմուկում և Սևանում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական գնահատական ստանալու նպատակով։
2019թ.–ի օգոստոսին Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ներկայացրել է միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը, որի համաձայն, բնապահպանական սպառնալիքներ չկան, իսկ հավանականները հնարավոր է վերահսկել քայլերի ձեռնարկմամբ։
Փորձաքննությունն անցկացվել է Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը Քննչական կոմիտեում 2018 թվականի հուլիսի 20–ին հարուցված քրեական գործի շրջանակում։ Փորձաքննության նպատակն Ամուլսարի հանքավայրի շահագործման բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումն է։-0-