ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բնապահպանության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված երկու նոր նամականիշներ են մարվել հինգշաբթի Երևանում։
«Եվրոպա 2016։ կանաչ մտածեք» կարգախոսով նամականիշները թողարկել է «ՀայՓոստը», որն ամեն տարի եվրոպական թեմայով նամականիշներ է թողարկում PostEurope եվրոպական փոստային օպերատորների միջազգային մրցույթի շրջանակում։
Ինչպես նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նամականիշների մարման արարողության ժամանակ, Հայաստանը Եվրոպայի մի մասն է և հարուստ է համատեղ պաշտպանության կարիք ունեցող բնական ռեսուրսներով։
«Հայաստանի բնության հարստությունները չեն բացահայտվել Եվրոպայի համար։ Դա հսկայական բնական հարստություն է, որը հատուկ պահպանության կարիք ունի։ Եվ այդ համատեքստում արդիական է մտածել կանաչ, այսինքն` եվրոպական ձևով»,– ասաց նա։
Առաջին նամականիշի վրա, որի հեղինակը Դոքսիա Սերգիտուն է, պատկերված է անդեմ քաղաքը կանաչ գույնով ներկող ձեռք։ Կերպարը խորհրդանշում է այն, որ մոլորակի կանաչապատումը մարդու ձեռքերում է։
Երկրորդ նամականիշի հեղինակը «ՀայՓոստի» դիզայներ Վահագն Մկրտչյանն է։ Նամականիշի մի կեսին պատկերված է անապատացված, անշունչ տարածք, երկրորդին` ծաղկող ծառ, որը խորհրդանշում է շրջակա միջավայրի վերականգնման հնարավորությունը։ -0-