ԲԿ-ի փոխտնօրենը զինակոչիկներին բանակից «ազատելու» համար զինակոչիկի ծնողից որպես կաշառք պահանջել և ստացել է շուրջ 1.3 մլն դրամ

16.01.2026, 16:47
Քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել նաև փոխտնօրենին օժանդակած և նրան կաշառք տված ևս 8 անձանց
ԲԿ-ի փոխտնօրենը զինակոչիկներին բանակից «ազատելու» համար զինակոչիկի ծնողից որպես կաշառք պահանջել և ստացել է շուրջ 1.3 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ-ում գրանցված միջազգային բժշկական կենտրոններից մեկի տնօրենի տեղակալը կաշառքի դիմաց օժանդակել է մի շարք զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու նախապատրաստությանը:

Ինչպես հայտնում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն, Հայաստանի հակակոռուպցիոն դատարան է ուղարկվել միջազգային բժշկական կենտրոններից մեկի փոխտնօրենի և նրան օժանդակած անձանց վերաբերյալ բազմադրվագ քրեական գործը։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ բժշկական հաստատության բարձրաստիճան պաշտոնյան կաշառքի դիմաց օժանդակել է մի շարք զինակոչիկների՝ պարտադիր զինվորական ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելուն։

Մասնավորապես, պարզվել է, որ 2023 թ.-ի ընթացքում փոխտնօրենը զինակոչիկի ծնողից որպես կաշառք պահանջել և ստացել է շուրջ 1.3 մլն դրամ (3,500 ԱՄՆ դոլար)՝ փաստաթղթերում առողջական վիճակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառելու համար։

Հանցավոր գործունեությունը շարունակվել է նաև 2024 թ.-ին, երբ նույն պաշտոնյան թե՛ զինկոմիսարիատների ուղեգրերի հիման վրա, թե՛ սեփական նախաձեռնությամբ կազմակերպել է կեղծ բժշկական ստուգումներ և զինակոչիկների ծնողներից տարբեր չափերի գումարներ ստացել։

2025 թ.-ին նույն ԲԿ-ի գիտաշխատողներից մեկի օժանդակությամբ փոխտնօրենը փորձել է կեղծել ևս մեկ զորակոչիկի փաստաթղթերը, սակայն նախքան զորակոչի մեկնարկը հանցավոր արարքը բացահայտվել է իրավապահների կողմից։

Այս պահին ԲԿ-ի փոխտնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, իսկ նրա նկատմամբ կիրառված կալանքը հետագայում փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցներով։

Քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել նաև փոխտնօրենին օժանդակած և նրան կաշառք տված ևս 8 անձանց։ Գործն արդեն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: