ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Բանակում բենզինի յուրացումների հնարամտությունը սահմաններ չի ճանաչում, գրում է «Հրապարակ» թերթը։
Թերթի հաղորդմամբ, ՊՆ–ի պահեստների համապատասխան ցիստեռններում պահվող բենզինը յուրացվել է պատասխանատու անձանց կողմից, բայց շատ հնարամիտ ձևով։ Վերջերս որոշ ուշագրավ բացահայտումներ են կատարվել այդ բենզինի յուրացման ձևերի ու տարբերակների շուրջ։
Բենզինի յուրացումը կոծկելու, ստուգողներից ազատվելու համար` ցիստեռնների ներսում հարմարեցրել են բարակ խողովակ, որի մեջ էլ լցվել է որոշակի չափով բենզին։
«Ամեն անգամ, երբ ստուգումներ են իրականացվել պահեստում համապատասխան չափիչ ձողի միջոցով, ցեստեռնի բենզինը եղել Է նախատեսված քանակի, քանի որ չափիչ սարքը մտցվել Է ոչ թե ցիստեռնի, այլ դրա մեջ ամրացված բենզինով լի խողովակի մեջ։ Մինչդեռ ցիստեռնը դատարկ է եղել»,–գրում է թերթը։
Հիշեցնենք, որ բանակում բենզինի յուրացումները և նյութատեխնիկական մատակարարումների թերացումները նորություն չեն։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում