Բանը հասավ դիվանբաշուն. Կաթողիկոսի անվտանգությունը` կռվախնձոր խորհրդարանում

16.11.2018, 14:33
Հայ խորհրդարանականներն ուրբաթ չընդունեցին երկու օրենքներ, որոնք վերաբերում էին Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայ առաքելական եկեղոցու անվտանգության ապահովմանը և երաշխավորմանը։
Բանը հասավ դիվանբաշուն. Կաթողիկոսի անվտանգությունը` կռվախնձոր խորհրդարանում
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ խորհրդարանականներն ուրբաթ չընդունեցին երկու օրենքներ, որոնք վերաբերում էին Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայ առաքելական եկեղոցու անվտանգության ապահովմանը և երաշխավորմանը։

Օրենքների էությունը

«Հավաքների ազատության մասին» օրենքի համաձայն, հավաքներն ու հանրահավաքները պետք է իրականացվեն նախագահի նստավայրից, Ազգային ժողովի, կառավարության, դատարանների և քրեակատարողական հիմնարկների շենքերից որոշ հեռավորության վրա` դրանց նորմալ գործունեությանը չխոչընդոտելու համար։ Փոփոխություններով առաջարկվել է ցուցակում ընդգրկել նաև Հայ առաքելական եկեղեցու տարածքները։

«Հատուկ պետական պահպանությանը ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի փոփոխություններով առաջարկվում էր Կաթողիկոսին կառավարության կողմից հատուկ պետական պահպանության տրամադրումը։ Գործող օրենքով Կաթողիկոսի պահպանության հարցը կարգավորվում է վարչապետի հայեցողությամբ։

Միաժամանակ, կառավարությունը բացասական եզրակացություն տվեց երկու օրենքով, փաստարկելով, որ անհրաժեշտության դեպքում Կաթողիկոսը կարող է անձամբ դիմել պաշտպանության համար վարչապետին, ով համապատասխան մարմիններին կհանձնարարի անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։

Առաջին օրինագծին կողմ քվեարկեց 43 պատգամավոր անհրաժեշտ 53–ից, ընդ որում` «Ելք» խմբակցության ներկայացուցիչներից դրան կողմ էին միայն Էդմոն Մարուքյանն ու Գևորգ Գորգիսյանը։ Երկրորդ օրինագծին կողմ արտահայտվեց միայն 28 պատգամավոր, ընդ որում, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներն ընդհանրապես հրաժարվեցին մասնակցել քվեարկությանը։

Հավատացյալից մինչև սատանիստ

Օրինագծի ընդունման հարցը բուռն քննարկումներ առաջացրեց խորհրդարանում, որոնք վերածվեցին փոխադարձ վիրավորանքների և աստվածաբանական վեճերի։ Իրավիճակը թեժացրեց նաև այն, որ օրինագծին դեմ քվեարկեց ներկայիս կառավարությունը ներկայացնող «Ելք» դաշինքը։
Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ օրինագծերի հիմնական նպատակը Հայ առաքելական եկեղեցին զանազան ակցիաների և աղանդավորների պաշտպանելն է։

«Սա անկախ Հայաստանի պատմության ամենախայտառակ քվեարկությունն է, և ժողովրդի առաջ պետք է պատասխան տան այն ուժերը, որոնք խրախուսում են տարբեր աղանդների, միասեռ հարաբերությունների քարոզումը, որոնք եկեղեցու պաշտպանությունը երկրորդական են համարում»,– ասաց Շարմազանովը, ինչից հետո լքեց նիստերի դահլիճը։
   
Պատգամավորների մի մասը, ի նշան բողոքի, նույնպես հետևեցին նրա օրինակին, չնայած, որ օրակարգում դեռևս երեք նախագծերի քննարկում կար։

Բանավեճը պատգամավորներին բաժանեց երկու մասի։ Մի մասն ասաց, որ Հայ եկեղեցու առաջնորդի հարցը չի կարելի թողնել վարչապետի հայեցողությանը` օրինակ բերելով Գարեգին Բ Կաթողիկոսի` Գնդեվանք կատարած ուխտագնացության ժամանակ տեղի ունեցած միջադեպը։ Մյուս մասը` «Ելք» խմբակցության պատգամավորները, հակառակը, Կաթողիկոսի լրացուցիչ պաշտպանության անհրաժեշտություն չտեսան։

«Կառավարությունն արդեն նշել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է Կաթողիկոսին պաշտպանություն տրամադրել, և օրենսդրական լրացուցիչ պաշտպանության կարիք չկա»,– ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։

Նրան սատարեց նաև «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը, ով հայտնեց, որ եթե Կաթողիկոսն ուժեղ լիներ, ապա ժողովրդից պաշտպանվելու անհրաժեշտություն չէր լինի։
Սակայն լրացումների կողմնակիցները նշեցին, որ պետք չէ կենտրոնանալ անձերի վրա, քանի որ խոսքն ընդհանուր առմամբ ինստիտուտի մասին է։

«Մենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք սատանիստներին, ովքեր սնվում են արտերկրից և խաթարում մեր պետության և ազգային անվտանգության հիմքերը»,– ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը։ -0-