Բանակում 1 ամիս ծառայությունը՝ 24 մլն դրամ, 4 ամիսը՝ 18 մլն դրամ․ զորակոչի համակարգում փոփոխություններ են նախատեսվում

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում նախատեսվում է կրճատ ժամկետով զինվորական ծառայություն սահմանել,1 ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ, 4 ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ վճարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը։
Ինչպես կառավարության նիստի ժամանակ նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նախաձեռնությունը ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանինն է, և այն քննարկում է անցել միջգերատեսչական հարթակում, անցել է նախարարական կոմիտեով:
«Առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, և 6 ամսով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 մլն դրամ պետբյուջե վճարելու պայմանով», – հայտարարեց Պապիկյանը։
Նրա խոսքով, պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն կսահմանվի 37 տարեկանը:
«Մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետություններում զինվորական ծառայություն չանցած կամ մեկ տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ ԶՈՒ-ում օրենքում սահմանված 24-ամսյա ծառայության ժամկետը փոխարինել 12 ամսվա ժամկետով ծառայության: Ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել 2.5 մլն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն», – նշեց Պապիկյանը։
Նախարարն ընդգծեց, որ մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը կսահմանվի 15 մլն դրամ։