ԱԺ նախագահը մեկնաբանել է Թուրքիայի ԱԳՆ-ին վերագրվող հայտարարությունները Փաշինյանի մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին վերագրվող հայտարարությունները, որոնք ընդդիմության ներկայացուցիչները որակել են որպես միջամտություն Հայաստանի ներքաղաքական գործընթացներին:
ԱԺ-ում լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Սիմոնյանը հայտարարել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքում բացակայում են ձևակերպումներ առաջիկա ԱԺ ընտրություններում (նախատեսված 2026 թ.-ի հունիսին) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու մասին:
ԱԺ նախագահի խոսքով, թուրք նախարարի հայտարարության մեջ ընդամենը արձանագրվում է ընտրությունների անցկացման փաստը, ինչպես նաև հղումներ են արվում հարցումներին, որոնք արտացոլում են Հայաստանում հասարակական տրամադրությունները:
Սիմոնյանը ընդգծել է, որ Անկարայի դիրքորոշումը վերաբերում է բացառապես ներկայիս վարչապետի՝ խաղաղության գործընթացում ունեցած դերի գնահատմանը։
«Խոսքը նրա կառուցողական դերակատարմանն աջակցելու մասին է»,— նշել է նա համապատասխան ձևակերպումը՝ մատնանշելով, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում աջակցության մասին որևէ հիշատակում չկա:
Նա նաև հայտարարել է, որ այդ արտահայտությունները Հայաստանի ներքին գործերին միջամտելու հետ կապող մեկնաբանությունները հիմնված են սխալ թարգմանության վրա:
Սիմոնյանը նաև շնորհակալություն է հայտնել Ֆիդանին TRIPP («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության») նախագծին աջակցելու համար։
«Ես շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտաքին գործերի նախարարին և մեր բոլոր այն տարածաշրջանային գործընկերներին, որոնք աջակցում են Հայաստանի Հանրապետության հանրության մեծամասնության խաղաղության գնալու ձգտմանը, ինչպես նաև առևտրի զարգացմանը TRIPP-ի («Թրամփի ուղու») շրջանակում»,— ասել է նա։
Ըստ որոշ լրատվամիջոցների տեղեկությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նախօրեին քննարկել են TRIPP նախագծի իրականացման շրջանակային փաստաթուղթը։ Նշվում է, որ Հաքան Ֆիդանն ասել է. «Մեզ (Թուրքիայի) համար կարևոր է Ադրբեջանի հեռանկարը»։

