ԱԺ նախագահը դատի է տվել Վազգեն Սաղաթելյանին

13.11.2025, 15:03
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը  դատի է տվել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին՝  պահանջելով հրապարակային ներողություն և ֆինանսական փոխհատուցում  
ԱԺ նախագահը դատի է տվել Վազգեն Սաղաթելյանին

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա /. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քաղաքացիական դատարան է դիմել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն և ֆինանսական փոխհատուցում վիրավորական հրապարակումների համար։

Ինչպես տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից, Սիմոնյանը պահանջում է Վազգեն Արմենի Սաղաթելյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ բովանդակությամբ.

«Տեղադրել հայտարարություն իր ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում՝ բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում, և հայտարարության վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Ես՝ Վազգեն Արմենի Սաղաթելյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «08․11․2025.-ին ֆեյսբուք սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ Հրապարակումներ պարոն Սիմոնյանի վերաբերյալ: Հայտնում եմ, որ Հրապարակումներն իրենց մեջ պարունակում են վիրավորական արտահայտություններ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»,-գրված է համակարգում։

ԱԺ նախագահը նաև պահանջել է բռնագանձել 2 մլն դրամ՝ հրապարակումների մեջ պարունակվող վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, 530 հզ. դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480.000-ը փաստաբանի վարձատրության գումար, 50.000-ը՝ պետական տուրքի գումար:

Նշենք, որ Երևանի քաղաքացիական դատարանում ընդունված հայցադիմումը վերաբերում է Սաղաթելյանի՝ 2025 թվականի նոյեմբերի 8-ին Facebook-ում արած հրապարակումներին, որոնք, ըստ Սիմոնյանի, պարունակել են վիրավորական արտահայտություններ իր հասցեին։

Նշենք նաև, որ այսօր առավոտյան  ձերբակալվել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և  Նարեկ Սամսոնյանը։

Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշել է, որ քրեական վարույթը «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակների նկատմամբ նախաձեռնվել է խուլիգանության հոդվածով։

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»,- «Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ՔԿ մամուլի խոսնակ՝ Կիմա Ավդալյանը։