ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց չծառայած 27-37 տարեկան քաղաքացիներին վերաբերող օրենքի նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/Նովոստի–Արմենիա/. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Նախագիծը հնարավորություն է տալիս հետախուզման մեջ գտնվող և 27-37 տարեկան քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով ՀՀ և ընտրելով առաջարկվող 5 տարբերակներից մեկը՝ ծառայել 24 ամիս ժամկետով, 2-րդ՝ ծառայել 12 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 2.5 միլիոն դրամ, 3-րդ` ծառայել 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 միլիոն դրամ, 4-րդ` ծառայել 1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 10 միլիոն դրամ և 5-րդ՝ զինվորական ծառայության փոխարեն պետաբյուջե վճարել 15 միլիոն դրամ։
Պատգամավորը ներկայացրել է վիճակագրություն, ըստ որի՝ 1995 թվականին բանակից խուսափելու համար հետախուզվել է ընդամենը 1511 քաղաքացի, 1999 թվականից՝ բանակից խուսափողների թիվը շեշտակի աճել է ՝ 2004-ին անցնելով 12 հազարը:
Նրա խոսքով՝ 2004 թվականին ընդունված և մինչև 2019 թվականը գործող օրենքից, որը թույլ էր տալիս յուրաքանչյուր բաց թողնված զորակոչի համար վճարել 100 հազար դրամ, 15 տարում օգտվել է 10,656 քաղաքացի։
Պատգամավորը նշել է, որ դեռ 2019-ին ինքն առաջարկում էր այլ նախագիծ՝ ազատել պատասխանատվությունից միայն այն դեպքում, եթե քաղաքացին ծառայի 1 ամիս և վճարի 10 մլն դրամ։
Ըստ Սարգսյանի՝ այն ժամանակ նախագիծը մերժվեց՝ որակվելով «փողի դիմաց ծառայությունից ազատվելու խայտառակ օրենք», սակայն արդեն 2021 թվականին նույն ԱԺ-ն ընդունեց համաներման մասին օրենք, որով 1360 անձ ազատվեց պատասխանատվությունից՝ վճարելով 0 դրամ և ծառայելով 0 օր։
Նրա խոսքով՝ այս համաներումից հետո էլ խնդիրը չլուծվեց, քանի որ 27 տարին լրացած քաղաքացիները փաստացի չէին կարող ոչ համաներումից օգտվել, ոչ էլ գալ և ծառայել, քանի որ երկրում զիվորական ծառայության տարիքը 18-27տարեկանն էր, ուստի 27 տարի լրացած քաղաքացիները չունեին որևէ տարբերակ, քան 2-5 տարի ժամկետով դատապարտվելը։
Սարգսյանը հայտնել է, որ որպես ելք ինքն առաջարկել էր բանակից խուսափածներին տալ դատապարտվելուն այլընտրանք՝ սահմանելով կարգ, որի համաձայն՝ նրանք, ովքեր կվերադառնան և կծառայեն 2 տարի ժամկետով, չեն դատապարտվի։
Պատգամավորի խոսքով՝ օրենքի ընդունման վերջին պահին ՊՆ-ը պահանջել էր, որ օրենքը տարածվի միայն այդ պահին 27 տարին լրացածների վրա։ Ինքը համաձայնել էր այդ առաջարկին այն պայմանով, որ եթե 2 տարի անց կրկին ունենանք 1000-ից ավելի խուսափողներ, ապա նորից հանդես կգա նախագծով։
«Այժմ ունենք 1200-ից ավելի տղաներ, որոնք չունեն որևէ այլընտրանք, քան ՀՀ վերադառնալու դեպքում դատապարտվելը: Այսօր ներկայացված փոփոխությամբ այս հարցը կլուծվի մեկընդմիշտ: Բոլորը, ում 27 տարին լրացել է կամ կլրանա, կկարողանան օգտվել իմ առաջարկած 5 տարբերակներից որևէ մեկից և ազատվել քրեական պատասխանատվությունից, քանի որ ծառայության սահմանային տարիքն այլևս 37 տարին է նրանց համար»,- ասել է Սարգսյանը:

