Այս երիտասարդները Ձեզ կստիպեն, որ հրաժարական տաք. ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անցկացնում` Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ սեպտեմբերի 17-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդները բողոքի ակցիա են կազմակերպել ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները նշում էին, որ նախարարի ելույթն ոչ կոռեկտ էր և իրենք միանում են նրա հրաժարականի պահանջին։
ԲՀԿ-ական երիտասարդները փողոցներով անցնելիս վանկարկում էին. «Արայի՛կ, հեռացի՛ր», իսկ ակցիայի մասնակիցներից մի քանիսի ձեռքին դդումներ կար:
«Սիրելի ընկերներ, միացեք մեր բողոքի ակցիային և պահանջեք այլասերված նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը»,- ահա այս խոսքերը բարձրախոսո հայտարարելով երիտասարդները շարժվեցին դեպի ԿԳՄՍ նախարարություն:
Սակայն ոստիկանությունն ընդհատեց երթը, քանի որ հավաքի կազմակերպիչները, ըստ սահմանված կանոնների չէին իրազեկել ոստիկանությունը երթի մասին:
«Որպես հավաքի փաստացի ղեկավար պարտավոր էիք իրազեկել, տեղյակ պահել ոստիկանությունը, ինչը չեք արել: Դրանով վարչական իրավախախտում եք թույլ տվել: Ձեր ձեռքին կան իրեր, մենք չգիտենք, թե դա ինչ է: Մենք նպատակահարմար չենք գտնում: Կարող եք ձեր ձեռքի իրերը (խոսքը դդումների մասին էր-խմբգր.) դնեք որևէ X տեղ, մենք աջակցենք ձեր հավաքին: Ձեզ տալիս ենք 3 րոպե ժամանակ, որ կարգավորեք»,- նշեց ոստիկանության ներկայացուցիչը՝ կոչ անելով պահպանել սահմանված պայմանները: Երթի մասնակիցները դդումները վայր դրեցին:
Երիտասարդները երթով հասան ԿԳՄՍ նախարարության շենք, տեղում ցուցադրեցին հայկական դրոշը:
«Դուք այլսերում եք տարածում դպրոցներում: Հայ երիտասարդները կստիպեն, որպեսզի դուք հրաժարական տաք և տրանսգենդերբներին ընդունեք ձեր տանը կամ Հայաստանից դուրս: Պարոն նախարար, եթե ձեր հրաժարականն ուշանա, մենք մեր օրինական ցույցներն ավելի ենք մեծացնելու: Ձեր աշխատանքը չի նպաստում ՀՀ կրթօջախների, քրիստոնյա եկեղեցու, երիտասարդների բարօրությանը, առաջընթացին ու զարգացմանը»,- նշեց ակցիայի մասնկիցներից մեկը:-0-