«Այն, ինչ երեկ տեսա, սարսափելի էր ուղղակի»․ Փաշինյանը հանձանարարել է խցանումների հարցով ճգնաժամային խումբ ստեղծել
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներգին գործերի նախարարությանը, Տարածքայիյն կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ու Երևանի քաղաքապետարանին հանձրարարել է ճգնաժամային խումբ ստեղծել Երևանի փողոցներում առկա խցանումների հարցով։
«Մեքենաների թվի հետ կապված պրոբլեմ ունենք: Երեկ անձամբ ականատես եղա, թե 18:20-ի ժամանակահատվածում Երևանի կենտրոնում ինչ է կատարվում: Ես հեծանվով այստեղից Բաղրամյան 26 հասնելու պրոբլեմ ունեի խցանման պատճառով: Այսինքն՝ ես չէի կարող մտածել, որ կարող է ժամ լինել, որ նույնիսկ հեծանվով հնարավոր չլինի անցնել», – ասաց Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։
Նա նշեց, որ առավոտյան հանձնարարել է, որպեսզի ՆԳՆ-ն, ՏԿԵՆ-ը և Երևանի քաղաքապետարանը ոչ թե աշխատանքային, այլ ճգնաժամային խումբ ստեղծեն։
«Այն, ինչ ես երեկ տեսա, սարսափելի էր ուղղակի: Դա բառիս բուն իմաստով ճգնաժամ է: Բոլոր երկրներում լինում են խցանումներ, բայց խցանում էլ կա, խցանում էլ. դա խցանում չէ, քաոս է», – ընդգծեց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ նույնիսկ խցանման պարագայում ավելի լավ է՝ էլեկտրամոբիլ լինի, որպեսզի արտանետումները քիչ լինեն։
Նրա խոսքով, խցանումներում չսպասելու այլընտրանքային լուծումը էլեկտրական հեծանիվն է, որը ներմուծման դեպքում ԱԱՀ-ից ազատման արտոնություն ունի:
Անդրադառնալով դժգոհություններին, թե հեծանվով տեղաշարժվելը, այնուամենայնիվ, բարդ է, նա նշեց «Կներե՛ք, հազա՛ր ներողություն, ավելի լավ է մի քիչ քրտնել, քան շատ ներվայնանալ, քանի որ այդ խցանումներն արդեն մարդու նյարդային վիճակի վրա ազդում են: Հետո այդ մարդը մտնում է սոցցանցեր, գնում է տուն և այլն... Այդ նեգատիվը որևէ ձևով պետք է պարպվի, և վստահ չեմ, որ բոլորն էլ հանդարտ ձևով են պարպում»:

