Ավինյանը հայտարարություն է տարածել Վարդավառին ընդառաջ

17.07.2020, 10:41
Ավինյանը հայտարարություն է տարածել Վարդավառին ընդառաջ
Ավինյանը հայտարարություն է տարածել Վարդավառին ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է արել այս կիրակի կայանալիք Վարդավառի տոնի հետ կապված:

Загружается новость ... "Лево"

«Այս կիրակի՝ հուլիսի 19-ին Վարդավառի կամ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է:

Վարդավառին սպասում ենք բոլորս: Այն ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, որը միշտ յուրահատուկ խանդավառությամբ ենք տոնում՝ բակերում, հանրային վայրերում՝ չտարբերելով ընկեր, բարեկամ ծանոթ կամ անծանոթ: Իսկ այդ օրը միմյանց ջրելն ու աղավնիներ բաց թողնելը խորհրդանշում են համաշխարհային ջրհեղեղը և ջրհեղեղից մարդկության փրկությունը»,- նշել է Ավինյանն իր Facebook-յան էջում:

Նա ընդգծել է, որ ցավոք սրտի, այս տարվա մեր «ջրհեղեղը»` կորոնավիրուսի համավարակը, դեռ չի նահանջում, և մենք շարունակում ենք անզիջում պայքար մղել դրա դեմ:

«Վստահ եմ, որ բոլորս գիտակցում ենք, որ Վարդավառի նման միջոցառման անցկացումը պարարտ հող կստեղծի վարակի ինտենսիվ տարածման համար, և օրեր անց կունենանք վարակակիրների թվի շեշտակի աճ՝ այդպիսով ռիսկեր ստեղծելով հանրային առողջության համար, լարվածություն առաջացնելով ծանրաբեռնված առողջապահական համակարգի համար և խաթարելով առկա հավասարակշռությունը:

Հետևապես, կոչ եմ անում և հորդորում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից: Տեղեկացնում եմ նաև, որ Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով»,- գրել է նա Facebook-յան էջում:

Բոլորս էլ ցանկանում ենք հնարավորինս շուտ վերադառանալ նախկին ապրելակերպին, սակայն ներկայիս պայմաններում մեր և մեր սիրելիների անվտանգության ու առողջության ապահովման միակ ճանապարհը սահմանված կանոնների պահպանումն է, հայտնել է Ավինյանը՝ ընդգծելով, որ շարունակական կարգապահության դեպքում ավելի շուտ կկարողանանք վերադառնալ մեր կյանքի բնականոն ռիթմին:

«Այս օրերին մեր բանակը բարձր պրոֆեսիոնալիզմով և մեծ նվիրումով պաշտպանում է հայրենիքի սահմանները հակառակորդի ոտնձգություններից, մենք էլ մեր հերթին բարձր կարգապահությամբ և պատասխանատվությամբ պաշտպանենք «ներքին սահմանները» կորոնավիրուսի համավարակից:

Առողջություն և զգոնություն բոլորիս, միասին կհաղթահարենք բոլոր դժվարությունները»,- հայտնել է նա:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, որը հայտարարման օրից երկարաձգվել է 4 անգամ: Այդպիսով, հուլիսի 13-ի կառավարության որոշման համաձայն Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև օգոստոսի 12-ը, ժամը 17:00-ն: -0-