Աշխատանքից ազատման դիմում է գրել ոչ միայն ավտոմաքսատան աշխատակիցը, այլև պետը. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հինգշաբթի լրագրողներին հայտնեց, որ աշխատանքից ազատման դիմում է գրել ոչ միայն ավտոմաքսատան աշխատակիցը, այլև պետը։
Հիշեցնենք, որ ապրիլի 9–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մաքսատուն և դժգոհ է մնացել տիրող իրավիճակից, մասնավորապես, սանիտարական պայմաններից և պետական խորհրդանիշների հանդեպ վերաբերմունքից: Փաշինյանին մասնավորապես դուր չի եկել անկյունում դրված կեղտոտ դրոշը։ Նա հանձնարարել է աշխատանքից հեռացնել այդ սենյակում աշխատողներին։
«Այն, ինչ վարչապետը տեսավ ու իր դուրը չեկավ, և վարչապետը որոշակի մտքեր արտահայտեց և կոչ կամ հորդորներ ասեց, կոչին և հորդորներին մեր աշխատակիցը պատասխանել է դիմում գրելով և ոչ միայն տվյալ աշխատակիցը, այլ նաև ավտոմաքսատան պետը գրել է ազատման դիմում։ Դա այդ մարդկանց ընտրությունն է», – նշել է Անանյանն` ավելացնելով, որ ամենամեծ պատասխանատու ինքն է։
«ՊԵԿ–ի նախագահն է պատասխանատվություն կրում այդ ամեն ինչի համար։ Եթե ակնկալում ենք, որ ես դիմում գրեմ, հեռանամ, դա իմ համար կլինի փախուստ այն խոշոր կամ ահռելի պարտականություններից, որ վերցրել եմ իմ վրա։ Հետևաբար, եկեք պայմանավորվենք` ես դիմում չեմ գրելու։ Ես վարչապետի կոչ– հորդորին չեմ արձագանքելու իմ դիմումով», – ասել է ՊԵԿ նախագահը։–0–